ՄԱԿ-ը՝ անվտանգութա՞ն, թե՞ վտանգավորության խորհուրդ

ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՐԳՎՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, թվում է, կոչված է իրական անվտանգություն ապահովելու ամբողջ աշխարհում: Միայն թե մոլորակում տիրող այսօրվա իրավիճակը նման լավատեսության համար ոչ մի հիմք չի տալիս: Պատահական չէ, որ այս կառույցի դերի մասին խոսելով՝ Բոլիվիայի արդեն 12 տարվա նախագահ Էվո Մորալեսը գործի է դրել իր սուր միտքը և ԱԽ-ի անունը մի փոքր սրբագրել…
 
Հանդես գալով «Վալդայ» միջազգային ակումբի բանավեճի շրջանակներում՝ Մորալեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անվանել է «վտանգավորության խորհուրդ»: Իր խոսքը նա հիմնավորել է նրանով, որ չեն պահպանվում միջազգային պայմանավորվածությունները, որոնք հաստատել է նաև ԱԽ-ն: 
 
- Ես կասեի՝ այսօր դա վտանգավորության կամ անորոշության խորհուրդ է, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրների իրավունքները չեն հարգվում: Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնադրվել է հանուն խաղաղության, սակայն այսօր ինչի՞ համար են այդ կազմակերպությունն օգտագործում: Սեփական շահերն առաջ մղելու: Ոչինչ չի պահպանվում և չի հարգվում,- ասել է Մորալեսը: 
 
Ըստ Բոլիվիայի 58-ամյա նախագահի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հարկավոր է նրա համար, որպեսզի յուրաքանչյուր երկրի ձայն լսելի լինի:
 
- ՄԱԿ-ն ու մնացած կառույցները վերջիվերջո ժողովուրդներին են ներկայացնում,- նշել է նա: 
 
Ի դեպ՝ միջազգային մամուլն այս օրերին արծարծում է Մորալեսի ևս մեկ քննդատական մոտեցումը: Այս անգամ՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Մայիսի 31-ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ պայմանագիր է ստորագրել համընդհանուր գործընկերության մասին: Սանթոսը տեղեկացրել է, որ իր պետությունում մտադիր չեն դաշինքին անդամակցել և մասնակցել դրա ռազմական գործողություններին: Մորալեսը, սակայն, սրա մեջ վտանգ է տեսնում ամբողջ Լատինական Ամերիկայի համար: 
 
- Այժմ Կոլումբիան դարձել է ՆԱՏՕ-ի գործընկերը: Ես կարծում եմ՝ գուցեև սխալվում են, որ դա դառնում է ռազմական վերահսկողություն ամբողջ Լատինական Ամերիկայի նկատմամբ: Դա ռազմական ագրեսիա է ամբողջ մայրցամաքի համար,- երեկ հայտարարել է Բոլիվիայի նախագահը: