Փաստաթուղթն անորոշ է, այդուհանդերձ քայլ է դեպի առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի երկար սպասված հանդիպումը արդեն կայացած փաստ է: Փաստ է նաև 70 տարի անընդմեջ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող այս պետությունների ղեկավարների միջև ստորագրված փաստաթուղթը: Սրանով ԿԺԴՀ-ն պարտավորություն  է ստանձնել միջուկազերծել Կորեական թերակղզին, իսկ ԱՄՆ-ը երաշխավորել է, որ նրա անվտանգության համար սպառնալիքներ չի ստեղծի:
 
Հենց այս փաստաթուղթն էլ այժմ աշխարհի քաղաքագետների ու փորձագետների քննարկման նյութն է: Այն ընդհանուր առմամբ գնահատվում է որպես որոշակիությունից զուրկ, սակայն՝ քայլ դեպի առաջ: Նշվում է, որ ընդունված փաստաթղթում չկա որոշակի ցուցում այն մասին, թե հետագայում ինչ գործողություններ են ձեռնարկվելու: 
 
Հունիսի 12-ին The Wall Street Journal-ի էջերում Ասիայի հետազոտորությունների կենտրոնի փորձագետ Օլիվյա Ինոսը կարծիք է հայտնել, թե Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ստորագրած փաստաթուղթը անորոշ է և չի վերացնում Կորեական թերակղզու ապամիջուկացման հարցում ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև եղած տարաձայնությունները: 
 
- Այնպիսի տպավորություն է, ասես սա դրական ոգով ևս մեկ կայուն հայտարարություն է՝  նման այն մեկին, որը մշակվել էր միջկորեական երկխոսության ընթացքում: Ընդունված փաստաթղթում չկա հստակ ցուցում այն մասին, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկվելու,- ընդգծել է փորձագետը: 
 
Ինոսը նկատի ունի Փհանմունջոմի հռչակագիրը, որն ստորագրել են երկու Կորեաների նախագահները: Այն ժամանակ նրանք համաձայնության էին եկել Կորեական թերակղզու լիովին միջուկազերծման և երկկողմ հարաբերությունների որակական բարելավման վերաբերյալ:
 
ՏԱՍՍ գործակալությունը մեջբերել է նաև Ամերիկյան հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջոուել Ուիթի կարծիքը, ըստ որի Սինգապուրի վեհաժողովին դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը քիչ բանի հասան այն ամենից, ինչի վրա կարելի էր հույս դնել, «սակայն այսպես թե այնպես՝ արդյունքները կարելի է համարել օգտակար քայլ դեպի առաջ»: Ի դեպ, հանդիպումը վեհաժողով է կոչվում, երբ նրան մասնակցում են պետությունների առաջին դեմքերը: 
 
The Wall Street Journal-ը հրապարակել է նաև Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպան Սուն Կիմի կարծիքը: Դիվանագետը 2011թ. և 2014թ. եղել է դեսպան Հարավային Կորեայում և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության գծով: Վեհաժողովի ավարտից հետո նա լրագրողներին խոստովանել է, որ դեռևս շատ աշխատանք է մնում:
 
- Երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնել արդյունավետ կերով զբաղվել խնդրի լուծմամբ,- հիշեցրել է նա:
 
70 տարվա թշնամանքը, տարակույս չկա, մեկ օրում, անգամ մեկ տարում չի վերանում: Գուցե այս առաջին քայլերը կարող են խաղաղության համար կայուն երաշխիքներ ստեղծել: Միայն թե Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը անվստահություն է հարուցում, որ մի օր էլ ԿԺԴՀ-ի հետ համատեղ փաստաթղթի իր ստորագրությունը կարող է դրժել և որևէ պատրվակով նոր զարկ տալ հին թշնամանքին: