ԱՄՆ-ը տնտեսական պատերազմի նոր ճակա՞տ է բացում

Պետությունների ազգային անվտանգությունը մի դրույթ է, որը կարելի է ամեն անգամ վկայակոչել, երբ հարկավոր է արդարացնել մյուսներին վնասող գործողությունները:
 
Միացյալ Նահանգները, վկայակոչելով սեփական ազգային անվտանգությունը, մտադիր է 25% մաքսատուրքեր սահմանել Եվրոպայից ներմուծվող ավտոմեքենաների վրա: Չմոռանանք, որ մետաղների նկատմամբ սահմանած մաքսատուրքերի աղմուկը դեռևս չի մարել:
 
Ըստ երևույթին, առաջինը դրան արձագանքել է Գերմանիան: Այնտեղ արդեն ուսումնասիրում են, թե իրենց ավտոարդյունաբերության վրա դա բացասական ինչ ներգործություն կունենա: Հունիսի 11-ին այդ մասին Բեռլինից հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թեման արծարծել է միջազգային առաջատար ֆինանսական և տնտեսական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո: 
 
- Մենք հայտարարություն ենք պատրաստում են մեր ավտոարդյունաբերության համար դրա  (նկատի ունի մաքսատուրքը) ռազմավարական նշանակության և հնարավոր հետևանքների մասին,- նշել է նա:
 
Մինչ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը կհայտներ, որ քննություն է սկսում՝ պարզելու համար, թե այլ պետություններից ավտոմեքենաների և տարբեր պիտույքների ներկրումը իրենց ազգային անվտանգությանը չի՞ սպառնում արդյոք, դրա մասին արդեն գրել էր The World Street Journal լրագիրը: Տեղեկացնելով, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու հարցը՝ պարբերականը կարծիք էր հայտնել, թե Վաշինգտոնը կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորել ազգային անվտանգության նկատառումներով: Ինչը և տեղի ունեցավ: 
 
Երևում է՝ ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությունն ուղղված է նրան, որ ուրիշ պետություններց ոչ մեկը չկարողանա օգտվել իրենց վճարունակ շուկայից: Ու քանի որ ամերիկացիները, միևնույն է, ներմուծվող ապրանքների կարիքն ունեն, ստիպված կլինեն նույնը արտադրել իրենց գործարաններում: Ու ավելի կհզորանան: Եթե իհարկե, դա չհանգեցնի մեկուսացման, որի պայմաններում արդի աշխարհում գոյատևելը շատ դժվար է: