ԵՄ տարածքը ձգում է նաև սահմանակից ուկրաինացիներին
Մաքսանենգությունն ու անօրինական ներգաղթը մարդկանց շատ հնարամիտ են դարձնում:
Մինչ Ասիայի ու Աֆրիկայի երկրներից Եվրոպա ներգաղթողներից շատերը տեղ են հասնում գերծանրաբեռ անսարք նավերով, Ուկրաինայում խորամանկել են` հարևան պետությունից ԵՄ հասնել ինքնաթիռով: Բուդապեշտի և Կիևի սրված հարաբերությունների պայմաններում Հունգարիայի տարածքում է հայտնվել ուկրաիանական մի փոքրիկ ինքնաթիռ, որի պատճառով ռազմական պատրաստության են բերվել հունգարական ռազմաօդային ուժերը:
Միջադեպը, ինչպես հաղորդել է Мукачево.net-ը, տեղի է ունեցել սահմանային Լուժանկա-Բերեգշուրան անցակետի մոտակայքում: Սահմանախախտ ինքնաթիռը նկատելով` սահմանապահներն անմիջապես տագնապ են հայտարարել և խախտման մասին տեղեկացրել ՆԱՏՕ-ի անվտանգության մարմիններին: Այնուհետև օդ են բարձրացել չորրորդ սերնդի Saab JAS 39 Gripen բազմանպատակ կործանիչները: Սակայն մի քանի մանևրից հետո ինքնաթիռը հեռացել է Հունգարիայի տարածքից: Զինվորականները չեն բացառում, որ դա եղել է մաքսանենգ օդանավ, որը Անդրկարպատներից ԵՄ է տեղափոխել անօրինական ներգաղթյալների կամ արգելված ապրանքներ:
Հիշեցնենք, որ Բուդապեշտի ու Կիևի հարաբերությունները սրվել են կրթության մասին ուկրաինական օրենքի պատճառով: Այս օրենքը խստորեն կրճատում է այլ լեզուներով կրթություն ստանալու հնարավորությունը, և ահա Հունգարիայի կառավարությունում հայտարարել են, թե այն խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնց թվում շատ են նաև էթնիկ հուգարները: Դրան ի պատասխան` մայիսին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարեց, թե այդ փաստաթղթի պատճառով նախաձեռնում է ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վերանայման գործընթացը: Ինչ կարելի է ասել` կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վաճառած երկրի իշխանություններն այսքան սկզբունքային են:
Իսկ Ուկրաինան, որը հաջողացրել է անկախության տարիներին հարաբերությունները վատացնել արևելաեվրոպական այլ պետությունների հետ ևս (օրինակ` Լեհաստանի), խնդիր ունի իր քաղաքացիներին ապահովելու և երկրում պահելու: Եվրամիությունը այնպիսի տարածք է, որին ձգտում են աշխարհի անապահով երկրների քաղաքացիները, և Ուկրաինան բացառություն չէ:
Ուկրաինացիները ձգտում են Հունգարիայի հետ սահմանային բնակավայրերից փաստաթղթեր ձեռք բերել և անօրինական ճանապարհով մուտք գործել Եվրամիության տարածք: Տարվա սկզբից մեծացել է եվրոպական անձնագրեր գնող ուկրաինացիների թիվը: Փետրվարին սահմանակից հունգարական Հայդուդորոգ գյուղի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի պաշտոնյաների, որոնք գրանցում էին անօրինական ներգաղթյալնմերին և նրանց կեղծ տեղեկանքներ տալիս:
Հունգարիան, փորձելով վերանայել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը, թերևս ավելի է մեծացնում թիվն այն ուկրաինացիների, ովքեր կփորձեն իրենց տարածքով Եվրամիություն ներթափանցել: Իսկ սա էլ նշանակում է, որ սահմանախախտ ինքնաթիռի նախադեպը կկրկնվի: