Միացյալ Եվրոպա` ի պատասխան «նախ և առաջ Ամերիկան» կարգախոսի
Կանադայի առողջարանային Լա Մալբա քաղաքում (Քվեբեկի նահանգ) շաբաթ օրը ավարտված G7-ի գագաթնաժողովը, կարելի է ասել, միջազգային հարաբերությունների պատմության մեջ նոր էջ գրեց:
Երբ դրա ավարտին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն աշխատանքների արդյունքների մասին լրատվամիջոցներին տեղեկացնելով` նշել էր, թե Յոթի խմբի անդամներին հաջողվել է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարագիրը համաձայնեցնել, ԱՄՆ նախագահը դրան հակադարձող հայտարարություն է արել:
«Թուիթերի» իր էջում Թրամփը գրառում է կատարել և նշել է, թե իր ներկայացուցիչներին հանձնարարել է չստորագրել Յոթի խմբի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարագիրը: Ու հատկապես ընդգծել է, թե նման որոշում է կայացրել՝ «հենվելով Ջասթինի կեղծ հայտարարության վրա»:
Այսպիսով, կարելի է ասել, որ գագաթնաժողովի աշխատանքները ջուրն են լցվել: Իսկ Թրամփի արարքին արձագանքել են տարբեր երկրների պաշտոնյաներ ու քաղաքական դեմքեր: Գերմանիայում սրա մասին խոսել են նրա ամենհին ու մանեախոշոր քաղաքական միավորի՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ղեկավարը և երկրի արտաքին գործերի նախարարը:
ԳՍԴԿ-ի առաջնորդ Անդրեա Նալեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «խառնաշփոթ մարդ»: Նա կիրակի օրը Բեռլինում ասել է, թե Թրամփը հրաժեշտ է տվել միջազգային պատասխանատվությանը :
- Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովին իսկական աղետ ստեղծեց և թուիթի միջոցով հրաժեշտ տվեց միջազգային պատասխանատվությանը: Անհնար է նման կերպ իրականացնել ողջամիտ և վստահելի քաղաքականություն,- նրա խոսքն է մեջբերել է DPA գործակալությունը:
Նշենք, որ tweet բառը անգլերենից թարգմանվում է ծլվլոց, ճռվողյուն:
Կուսակցապետուհին կատարվածից բխող եզրակացություն է արել.
- Այս իրավիճակում Եվրամիությանը մնում է Կանադայի և Ճապոնիայի հետ միասին հոգ տանել, որպեսզի հաշտության, զինաթափման, շրջապատող միջավայրի պաշտպանության և առևտրի ոլորտների միջազգային համագործակցությունն այս պահին լիովին դուրս չգա վերահսկողությունից:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ևս ԱՄՆ նախագահի արաքին արձագանքել է նույն «Թուիթերում»:
- Մեկ թուիթը կարող է շատ արագ քանդել անհավատալիորեն շատ վստահություն: Առվել ևս կարևոր է, որ Եվրոպան համախմբվի և ավելի գործուն կերպով պաշտպանի իր շահերը: Միացյալ Եվրոպա` ի պատասխան «նախ և առաջ Ամերիկան» կարգախոսին,- նշել է նա:
Ստացվում է, որ Կանադայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները չընդունելով` ԱՄՆ նախագահը Եվրոպային դրդում է միասնական լինել և հստակորեն գիտակցել սեփական շահերը` չսպասելով մյուս կիսագնդից եկող հրահանգներին ու մեկնաբանություններին:
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Սինգապուր` կարգավորելու աշխարհի համար կարևոր մեկ այլ թնջուկ` Կորեական թերակղզու ապամիջուկացումը: Հունիսի 12-ին նախատեսված ապաև չեղարկված հանդիպումը ԿԺԴՀ նախագահ Կիմ-Չեն Ընի հետ հիմա տեղի է ունենում նույնիսկ մեկ օր ավելի շուտ` այսօր` հունիսի 11-ին: Եվ արդեն Թրամփի դիրքորոշումից կախված կլինի նաև սրա ելքը: