ՍԻՐԻԱՆ ԿՍՐԻ՞ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Թեև համարժեք պատասխանը չի ուշանա

Արդեն մի քանի օր է՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում սիրիական խնդիրն է: Քիմիական զենքի կիրառումը ի չիք դարձրեց նույնիսկ   այն փխրուն համաձայնությունը, որ ձեռք էր բերվել «սառը պատերազմն» այդպես էլ թոթափել չկարողացող գերտերությունների՝ ԱՄՆ-ի ՌԴ-ի  միջև:
 Սիրիական հակամարտության սրումն անհանգստացրել է ոչ միայն միջազգային կառույցներին, ուժեղ խաղացողներին, այլև ԱՊՀ երկրներին: Այն անհանգստանալու լուրջ առիթ է նաև Հայաստանի համար: Ինչո՞ւ:
 
Այս հարցի պատասխանի ամենաառարկայական հուշումը մեր տխրահռչակ  հարևան Ադրբեջանի ակտիվությունն է: Միայն վերջին երկու օրերին  Ադրբեջանը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ, 4 արկ: Սա համարվում է հրադադարի խախտում, մինչդեռ արդեն 25 տարի խավիարաբաշխ այս երկիրը դանդաղ պատերազմ է վարում՝ իր համակիրների լռելյայն հովանավորությամբ: 
 
Բաքվի այս արկածախնդրությանը «դուխ» են  տալիս  ազերիների «սլավոն» եղբայրները: Լուկաշենկոն  վերջերս ասել է, թե պետք է լուծվի Արցախի, Մերձդնեստրի, Դոնբասի խնդիրը: Իսկ Պորոշենկոն, շնորհավորելով Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների 25 ամյակը, ասել էր. 
 
-Պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
 
Այս հայտարարությունների տողատակում հստակ կարդացվում է սլավոնների թափանցիկ ակնարկն առ այն, որ ռազմական գործողությունների դեպքում իրենք ամեն ինչով կսատարեն Բաքվին: 
 
Ու այսքանից հետո  պատահական չէ հայ հասակական-քաղաքական շրջանակների անհանգստությունը՝ սիրիական խնդրի առնչությամբ: Եթե իրավիճակը  Սիրիայում սրվի,  Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կներքաշվեն այս խնդրում, ապա, ինչպես ռուսներն են ասում, не до Армении, не до Баку:  Սրանից էլ լավ առիթ, կարծում ենք, Բաքուն չի գտնի՝ ռազմատենչ նկրտումներին ևս մեկ անգամ ազատություն տալու:
 
Ի դեպ,  1915-ի ցեղասպանությունից առաջ էլ  մոտավորապես նույն իրավիճակն էր: 1-ին համաշխարհային պատերազմը  «փայլուն» հնարավորություն տվեց երիտթուրք դահիճներին՝ ոչնչացնելու 1,5 միլիոն հայ: Ու եթե հիմա Սիրիայում իրավիճակը չհանգուցալուծվի, ապա իրավիճակն Արցախում ևս կսրվի: Չնայած ինչպես անցյալ ապրիին, այնպես էլ հետագայում հայկական բանակը կտա համարժեք հարված հակառակորդին: Պարզապես լավ նախապատրաստվել է պետք՝ ոչ միայն թշնամու մասին տեղեկատվությունը վերլուծելով, այլև աշխարհաքաղաքական իրավիճակի հետ հաշվի նստելով: