ԱՄՆ-ը պայքարում է բռնատիրությունների դեմ՝ ինչպես 74 տարի առաջ

Երեկ՝ հունիսի 6-ին լրացել է 74 տարին այն օրից, երբ Եվրոպայում բացվեց Երկրորդ ճակատն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի: Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի համատեղ ուժերն ափ իջան Նորվեգիայում, որպեսզի ավարտին հասցնեն Երկրորդ աշխարհամարտը: Այս առիթով «Թուիթերում» գրառում է արել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նա հայտարարել է, թե  մեր օրերում նույնպես ԱՄՆ-ը կհակազդի բռնապետություններին՝ ինչպես դա արել է  Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին:
 
Երկրորդ աշխարհամարտի երկրորդ ճակատը, որի անհրաժեշտությունն այնքան մեծ էր, սակայն անընդհատ ձգձգվում էր, ի վերջո բացվեց 1944թ. հունիսի 6-ին, երբ դաշնակիցներն իրականացրին այդ պատերազմի ամենախոշոր գործողություններից մեկը. դրան մասնակցել են ամերիկյան և բրիտանական դիվիզիաների ավելի քան 150 հազ զինծառայողներ: Երկրորդ ճակատի բացման պայմանավորվածությունը մինչ այդ ձեռք էր բերվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ առաջնորդների միջև: 
 
Ահա թե այդ առիթով ինչ է գրել ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն.
 
- 74 տարի առաջ ԱՄՆ-ի և դաշնակիցների զորքերն ափ իջան Նորմանդիայում, որպեսզի սկսեին Եվրոպայի ազատագրումը: «Դ» օրը պատմության մեջ շրջադարձային կետ դարձավ բռնատիրության դեմ ամենահետևողական պայքարում: Մենք այդ անչափելի ջանքերն ու զոհերին այսօր հարգում ենք՝ մեր դաշնակիցների հետ միասին հակահարված տալով բռնատիրությանը:
 
Պոմպեոյի գրառման մեջ ակնարկ չկա, թե բռնատիրություն ասելով՝ ինքն ի՞նչ նկատի ունի: Ընդհանրապես այդ բառով Վաշինգտոնում բնորոշվում են Իրանն ու Հյուսիսային Կորեան: Բայց ըստ երևույթին՝ անցած տասնամյակների ռազմական փառքը հանգիստ չի տալիս Միացյալ Նահանգներին: Նա անընդհատ դաշնակիցներ է գտնում՝ իր կիսագնդի հակառակ կողմում պատերազմական օջախներ գտնելու, այդ վայրերում «բռնատիրություններ» հայտնաբերելու և դրանց հարվածելու համար: 
 
Այսօր Մերձավոր Արևելքի այդպիսի մի «բռնատիրությունում»՝ Սիրիայում, պատերազմը կարծես թե դեպի մարում է գնում: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պետքարտուղարին փոխարինեց Պոմպեոյով, շատերն էին ասում, թե այս մեկն ավելի ռազմատենչ ու հարաբերություններ սրող է: Ճիշտ է՝ այս պահին ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններն ավելի շատ դեպի կարգավորում են գնում, սակայն Իրանի վերաբերյալ հնարավոր է խոսել միայն սրացման տեսանկյունից: Երևում է՝ այս դեպքում երկու ճակատը Միացյալ Նահանգներին այնքան էլ չի ոգևորում: Չէ՞ որ եթե Երկրորդ աշխարհամարտի տարիներին մյուս ճակատում ուրիշներն էին «կրակից շագանակներ հանում», ապա այս դեպքում երկու ճակատում էլ ինքն էր «կռվելու»: Սակայն եթե նման գործելակերպից աշխարհի խաղաղությունը կշատանա, Պոմպեոյի պոռոտախոսությունն էլ կարելի է ներելի համարել: