Խորվաթիան սահմանակից չէ ո՛չ Աֆղանստանին, ո՛չ Պակիստանին, ո՛չ Իրանին, բայց…

Եվրոպան ներգաղթյալների թնջուկից ազատում չունի: Ընդ որում՝ նրանք խնդիրներ են առաջացնում ոչ միայն այս կամ այն պետության ներսում, այլև հենց պետությունների միջև:
 
Երեկ Լյուքեմբուրգում այդ մասին է խոսել Խորվաթիայի ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչը:
 
Նրա խոսքերով՝ ներգաղթյալները Խորվաթիայում են հայտնվում ոչ թե Մերձավոր Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, այլ հարևան անվտանգ պետություններից, որոնք պարտավոր են առավել գործուն մասնակցություն ունենալ ներգաղթի ճգնաժամի հաղթահարմանը: 
Բոժինովիչը հանդիպում է ունեցել ԵՄ ներգաղթի, քաղաքացիության և ներքին գործերի հանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ: Զրույց է ընթացել անօրինական ներգաղթյալների մեծացող ալիքի վերաբերյալ: Նրանք մեծ մասամբ Խորվաթիա են ներթափանցում հարևան Բոսնիա և Հերցոգովինայի տարածքից: 
 
- Ներգաղթյալների թվի մեծացման հետ կապված իրավիճակը կարող է լուծում գտնել միայն Հունաստանի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Բուսնիա և Հերցոգովինայի առավել գործուն մասնակցությամբ: Խորվաթիան սահմանակից չէ ո՛չ Աֆղանստանին, ո՛չ Պակիստանին, ո՛չ Իրանին: Նա սահմանակից է երեք անվտանգ երկրների, և նրանցից ակնկալում է իրագործել այն ամենը, ինչը նման դեպքերում անհրաժեշտ է: Առաջին հերթին՝ պահպանել վերընդուման մասին համաձայնագիրը, որը լավագույն իրավական եղանակն է՝ վերահսկելու գործընթացը,- Բոժինովիչի խոսքն են մեջբերել իր ղեկավարած գերատեսչությունում:
 
Բոժինովիչը դեռևս հանգստյան օրերին հայտարարել էր, որ եթե ներգաղթյալների երթուղում Խորվաթիայից արևմուտք գտնվող ԵՄ երկրներն իրենց սահմանները փակեն՝ իր երկիրը  չի ապաստանի կամ «թեժ կետի» չի վերածվի:
 
Խորվաթիան հինգ տարի առաջ դարձել է ԵՄ անդամ 28-րդ երկիրը: Միջերկրականի ծովափ ունեցող բալկանյան այս պետոթյան ՆԳ նախարարության տվյալներով՝ այս տարվա սկսզբից մինչև մայիս ոստիկանությունը բռնել է 1,7 հազարից ավելի մարդու, որոնք փորձել են անօրինական կերպով հատել սահմանը: Իսկ Բոսնիա և Հերցոգովինայի սահմանային գավառներում այժմ կուտակված է 2,1 հազար ներգաղթյալ, և բոլորի նպատակն է հայտնվել Եվրամիության երկրներում: Նրանք եկել են Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից և Իրանից: 
 
Նրանց մեծամասնությունը, անկասկած, հայրենի եզերքներից հեռացել է ոչ իր կամքով, և այդտեղ մեծ է նաև հենց եվրոպական գերտերությունների վարած քաղաքականության դերը: Սակայն ինչպես միշտ՝ տուժողները լինում են այն երկրները, որոնք ամենաքիչն են մեղավոր աշխարհը սասնած քաղաքականության համար: Խորվաթիան գուցե մեծագույն հույսերով է ընդգրկվել Եվրոպական միության կազմում, սակայն այժմ դրա համար շատ մեծ գին է վճարում: Չէ՞ որ ներգաղթյալները երկրների ոչ միայն տնտեսական վիճակն են լարում, այլև ստեղծում են մշակութային, կրոնական, արժեհամակարգային, այլևայլ կարգի անլուծելի խնդիրներ, որոնց իրական բացասական հետևանքները արդենիսկ դրսևորվում են: