«Հյուսիսային հոսք-2»-ը վտանգավոր է Լեհաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԶԳՈՒՇԱՆԱԼՈՎ

«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, որին խիստ դեմ է Միացյալ Նահանգները, վտանգավոր է համարում նաև Լեհաստանը: Ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով երկշար խողովակաշարով պետք է հասնի Գերմանիա և այնտեղից գազով ապահովի տարածաշրջանի երկրները:
 
Գազատարը, որը գործելու է արդեն շահագործվող «Հյուսիսային հոսք»-ին զուգընթաց, 55 մլրդ խմ ընդհանուր հզորություն է ունենալու: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է փորձել պաշտոնական այցով իր երկրում գտնվող՝ ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին համոզել, որ «Հյուսիսային հոսք-2-ի» կառուցումը վտանգավոր է:
 
Վարշավայում մամուլի ասուլիս տալով՝ Լեհաստանի նախագահը լրագրողներին ասել է. 
 
- Քննարկել ենք էներգետիկական անվտանգության հարցերը: Ես անընդունլի եմ համարել «Հյուսիսային հոսք-2»-ը, բացատրել եմ, թե ինչու մենք համաձայն չենք այդ նախագծի իրացմանը: Խոսքը Եվրոպայի մեր հատվածի էներգետիկական անվտանգության մասին է, Ուկրաինայի էներգետիկական անվտանգության մասին է: Մենք համոզված ենք, որ խոսքը նաև ամբողջ Եվրոպայի շահերի մասին է: Մենք չենք  ուզում, որ «Գազպրոմն» ակնհայտ առավելություն ունենա: Մենք ցանկանում ենք գազային անվտանգություն ապահովել մեր հարևաննների համար:
 
Շտայնմայերն իր հերթին հայտարարել է, թե նաև Գերմանիայի ցանկությունն է, որ Ուկրաինայի շահերը չտուժեն: 
 
- Ես ասել եմ, որ գազատարը ԳԴՀ կառավարությունն ինքը չի կառուցելու: Այդուհանդերձ մենք  հասկանում ենք, որ չնայած դրա վրա մասնավոր ձեռնարկություններ են աշխատում, այն քաղաքական հետևանքներ ունի,- նշել է Գերմանիայի նախագահը:
 
Նա նաև ասել է, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ջանացել է այնպես անել, որ «Հյուսասյին հոսք-2»-ը Ուկրաինայով գազի տարանցման տեղը չզբաղեցնի՝ ի վնաս Լեհաստանի և Ուկրաինայի, նաև անպայման պահպանվի:
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերկելի հետ հանդիպման ժամանակ  նրան խնդրել էր հրաժարվել «Հյուսասյին հոսք-2»-ի շինարարությունից՝ առաջարկելով առևտրային նոր համաձայնագիր ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: Այդ մասին տեղեկություններ է հրապարակել The Wall Street Journal  պարբերականը՝ հղում անելով Գերմանիայի, ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաներին: 
 
Ռուսական գազը Ուկրաինայով եվրոպական երկրներ հասցնելու մասին Բրյուսելում խոսել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Ըստ նրա՝ բանակցությունները կարող են սկսվել մոտ ժամանակներս և լինելու են եռակողմ՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի միջև: 
 
Եվրոպայի բնակարաններին և ձեռնարկություններին գազ է հարկավոր, որն առավել նպատակահարմար է ներմուծել Ռուսաստանից: Միայն թե մեր օրերում հնարավոր չէ տնտեսական խնդիրներ լուծել՝ առանց հաշվի նստելու քաղաքական իրողությունների հետ: Սակայն նաև բացառված չէ, որ քաղաքական իրողությունները փոխվեն՝ ենթարկվելով տնտեսական նպատակահարմարությանը: 
 
Միացյալ Նահանգներն առայժմ փորձում է «Հյուսիսային հոսք-2»-ի առաջն առնել, որպեսզի ռուսական գազի փոխարեն Եվրոպա հասցնի ամերիկյանը, և այդ հարցում համախոհներ ունի՝ ի դեմս Լեհաստանի, Ուկրաինայի: Իսկ այն երկրները, որոնք հույս ունեն բալթիական նոր խողովակաշարի գազից օգտվել, պնդում են նախագծի անհրաժեշտությունը: Հետագա բանակցությունները ցույց կտան, թե ինչ իրավիճակ կստեղծվի Եվրոպայի գազամատակարաման դաշտում: