Փհունգերիի միջուկային հրաձգարանի փակման արարողության օրը նշանակված է

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ՝ ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հյուսիսային Կորեայի ղեկավարության հայտարարությունից հետո, թե Փհունգերիի միջուկային հրաձգարանի փակման արարողության օրը նշանակված է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԿԺԴՀ-ի ծրագիրը:
 
Բնականաբար՝ միջուկազերծ աշխարհ ունենալը պետք է որ շատ կարևոր լինի միջազգային  կազմակերպության ղեկավարի համար, իսկ դրան հասնել հնարավոր է քայլ առ քայլ: Ինչպես երեկ հաղորդել են ՄԱԿ-ի գրասենյակից՝ 
 
- Գլխավոր քարտուղարը ողջունում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հայտարարությունը Փհունգերիի իր միջուկային հրաձգարանը փակելու վերաբերյալ: Նա կարծում է, որ հրաձգարանի անդառնալի փակումը վստահությունն ամրապնդելու կարևոր քայլ կլինի, իսկ դա կարող է նպաստել կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզում ապամիջուկացումը վերահսկելի դարձնելու հետագա ջանքերին: Նա անհամբերությամբ սպասում է հաջորդ ամսին այդ դրական տեղաշարժի համակարգմանը Միացյալ Նահանգների և ԿԺԴՀի-ի առաջնորդների վեհաժողովում,- գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարությունից մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:  
 
Փհունգերիի հրաձգարանի փակման հրապարակային արարողություն է տեղի ունենալու մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում. ինչպես հաղորդել է ԿԺԴՀ արտգործնախարարությունը՝ արարողության ճշգրիտ ամսաթիվը կախված կլինի եղանակային պայմաններից: ԱԳՆ-ում նաև մանրամասնել են, որ արարողությանը կարող են մասնակցել լրագրողներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և ԱՄՆ-ից: 
 
Հիշեցնենք, որ միջուկային հրաձգարանի փակման և համապատասխան հրապարակային արարողության վերաբերյալ պայմանավորվածությունը ապրիլի 27-ին ձեռք էր բերվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի միջև: Իսկ ԱՄՆ-ի Նախագահ Դրոնալդ Թրամփի հետ Կիմ Չեն Ընի հանդիպումը նշանակված է հունիսի 12-ին: Թերևս հենց այդ հանդիպումից էլ կախված է, թե ինչ շարունակություն կունենա Կորեական Թերակղզու լիակատար միջուկազերծման ծրագիրը: