Ընդդեմ հանցավորության դեմ պայքարի՞

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Մայիսի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսված բողոքի գործողությունները 14-ի երեկոյան հանգեցրել են ոստիկանության հետ բախումների:

Վրացի երիտասարդներին խորհրդարանի մերձակայքում բողոքի գործողության է դուրս բերել… թմրանյութերի վաճառքով զբաղվողների պաշտպանությունը: Իսկ առիթը եղել է մայիսի 12-ի գիշերը այդ երկրի Ներքին գործերի նախարարության իրականացրած հատուկ գործողությունը Թբիլիսիում հայտնի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում, որի ընթացքում ութ մարդ ձերբակալվել է:

Վրաստանի ՆԳՆ-ն, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երեք ամիս նախապատրաստվել է, որպեսզի կարողանա թմրամիջոցների իրացման փաստերը բացահայտել:

Եվ ահա թմրամիջոցների դեմ պայքարի կողմնակից երիտասարդների ստվար բանակը անկարգություններ է սկսել խորհրդարանի շենքի մոտ` պահանջելով ՆԳ նախարարի և Վրաստանի վարչապետի հրաժարականը: 

Ինչպես նշում է ռուսական «Վեստին», «Վրաստանի ազգային միասնություն» ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունը սեփական գործողություններն է սկսել մայիսի 13-ին և հայտարարել է քաղաքացիական գվարդաիայի ստեղծման մասին: Կազմակերպիչները մտածում են այն օգտագործել պետական կարգի պահպանության համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նույնիսկ մասնակցել ռազմական գործողությունների:

Վրացական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ կազմակերպության անդամները քաղաքային այգիներից մեկում կամավորներին ընդունելու կետ են բացել և գրանցում են բոլոր ցանկացողներին` բացառությամբ անչափահասների: Իսկ «Քաղաքացիական գվարդիա» ընդունվել ցանկացողների անձնական տվյալները գրառվում են տետրերում: Դրանից առաջ էլ հայտարարել էին, թե մտադիր են ստեղծել «սևվերնաշապիկավորների»  ջոկատներ: Կազմակերպության ներկայացուցիչները լրագրողներին պարզաբանել են, թե հանդես են գալիս թմրամոլության և սեռական փոքրամասնությունների դեմ: Թբիլիսիի ոստիկանությունը նրանց վերաբերվում է կողքից դիտողի կարգավիճակում:

Թմրապայքարի հակառակորդներից ու «Վրաստանի ազգային միասնության» անդամներից բացի` Թբիլիսիի կենտրոնում հավաքվել է դժգոհների ևս մեկ խումբ, որի անդամները նույնպես կողմնակից են հակաթմրադեղային քաղաքականության մեղմացմանը: Նրանք «Ազգային սոցիալիստական շարժում» ՀԿ-ի անդամներն են, ովքեր փորձել են խորհրդարանի շենքին մոտենալ Ռուսթավելու փողոցի կողմից, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրանց թույլ չեն տվել: Այս իրավիճակում է, որ որոշակի բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև:

Ուշ երեկոյան Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին տեղական հառուստաալիքների ուղիղ եթերով բողոքի գործողության մասնակիցների կոչ է արել հանգստություն պահպանել:

Այն հանգամանքը, որ հանցավորության դեմ ոստիկանության պայքարը կարող է որևէ երկրի մայրաքաղաք այսպես ալեկոծել ու բողոքի փոթորիկ առաջացնել` չի կարող անհանգստացնող չլինել: Բնականաբար, այն ընդամենը առիթ է. պատճառները շատ ավելի խոր ու գուցե նաև անտեսանելի են: