Իրանի միջուկային ծրագիրը` ԱՄՆ-ի կոկորդում մնացած փուշ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը բանակցություններ է անցկացրել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ, և նախարարները հաստատել են Իրանի միջուկային ծրագրին իրենց  հավատարմությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

- Չինաստանը խորհրդակցությունների է պատրաստ բոլոր համապատասխան կողմերի հետ` ներառյալ Իրանը, և ՀՀԳԾ-ն պահպանելու համար կշարունակի ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը,-հայտարարել է Վան Ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, նույնին պատրաստ է նաև Իրանը:

- Իրանը ելնում է նրանից, որ բոլոր կողմերի ընդհանուր պատասխանատվությունը և պարտականությունն է ապահովել համապարփակ համաձայնագրի լիակատար և արդյունավետ իրականացումը,- սրանք էլ Իրանի արտգործնախարարի խոսքերն են:

Ու մինչ Չինաստանի և Իրանի արտաքին գործերի պատասխանատուներն իրենց հավատարմությունն են հայտնում միջուկային գործարքին, ԱՄՆ-ի նրանց պաշտոնակիցը մեղադրանքներ ու սպառնալիքներ է հղում Եվրապայի երկրներին, որոնք նույնպես առայժմ հրաժարվում են վարվել ԱՄՆ-ի պես` դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նախ կարծիք է հայտնել, թե ՀՀԳԾ-ն Թեհրանին հնարավորություն է տվել լրացուցիչ միջոցներ ձեռք բերել, որն էլ «աշխուժացրել է նրա կործանարար ազդեցությունը տարածաշրջանում»:

Իսկ քանի որ այդ «կործանարար ազդեցությունը» միայն ԱՄՆ-ի համար է այդպիսին, և անգամ Եվրոպան չի ուզում այս անգամ ևս կուրորեն ենթարկվել ԱՄՆ-ի կամքին, այդ երկրի արտաքին գործերի պատասխանատուն մայիսի 13-ին Եվրոպայի երկրներին մեղադրել է նրա համար, որ հրաժարվում են ԱՄՆ-ի պահանջից` «ուղղել գործարքը» Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նա այդ մասին խոսել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

- Մենք փորձեցինք, նախագահը մի շարք նպատակներ դրեց: Նա ինձ հանձնարարել է առաջին երկու շաբաթում (նկատի ունի իր պաշտոնավարությունը) աշխատել եվրոպացիների հետ, որպեսզի փորձեմ հասնել դրանց: Ու թեև աշխատանքն արվում էր նաև մինչև իմ Պետքարտուղարություն գալը, մենք այդպես էլ չկարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել: Եվրոպացիները գործարքն ուղղելու պահանջներին պարզապես համաձայնություն չտվեցին,-ասել է Պոմպեսոն` պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնի վարչակարգը համաձայնագրում չմնաց:

Երևում է` պետքարտուղարների կողմից Թրամփի վարչակարգի բախտը չի բերում: Նրա նախորդը հեռացավ, քանի որ չկարողացավ որոշակի խնդիրներ լուծել: Հիմա էլ Պոմպեոն է բողոքում ձախողումներից` հակառակ իր հռչակված ռազմատենչությանը: Ցավալին միայն այն է, որ վարչակարգը նպատակն արդեն դրել է, և դրան հասնելու համար չի վարանի զոհաբերել ո՛չ իր պաշտոնյաներին, ոչ՛ էլ իրենցից կիսագնդով հեռու երկրների խաղաղությունը, կարգն ու կանոնը: