ԱՄՆ-ից հետո միջուկային պայմանագրից դուրս կգա նաև Իրանը

Այս օրերին միջազգային մամուլի ամենաթեժ թեմաներից մեկը Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ կողմերի մոտեցումն է: Ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, խնդիրն ավելի է սրվել Իսրայելի վարչապետի ներկայացրած տվյալների պատճառով:
 
Իսրայելից պնդում են, թե Իրանը ստում է և իր միջուկային ծրագրերից ոչ թե հրաժարվել, այլ սոսկ սառեցրել է: ԱՄՆ-ի նախագահն էլ հայտարարում է, թե հավատում է Իսրայելի ներկայացրած փաստերին, և ուրեմն իրենք այդ համաձայնագրից դուրս են գալու: Ամենակարևոր իրադարձությունը սպասվում է մայիսի 12-ին՝ այդ օրը ԱՄՆ ղեկավարը տվյալ հարցով որոշում է կայացնելու: Իսկ մինչ այդ՝ իր ելույթներում համաձայնագիրը նա որակում է խելահեղ:
 
Իրանն ինքը միշտ հերքում է միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները և պնդում, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ է հետապնդում: Եվ ահա մայիսի 3-ին հայտարարություն է տարածել նաև Իրանը: Այնտեղից նախազգուշացրել են՝ եթե ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից դուրս գա, Իրանը նույն կերպ կվարվի: Իսկ դա նշանակում է, որ համաձայնագիրն ուժը կկորցնի: «Ֆրանս պրես» գործակալությունն է հաղորդել, որ հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Համենեի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: 
 
- Եթե Միացյալ Նահանգները միջուկային համաձայնագրից դուրս գա, մենք նույնպես դրա կազմում չենք մնա,- խորհրդականի խոսքերն է փոխանցել գործակալությունը:
 
Սա աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում շատ վտանգավոր իրավիճակ կստեղծի, քանի որ ակնհայտ է՝ եթե այդ համաձայնագիրը խզվի, Իրանն անմիջապես կհայտնվի վտանգավոր դրության մեջ, որին կփորձի պատասխանել: 
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը, Թրամփի վարչակարգը սա դեռևս չի մեկնաբանել: Նույն օրը տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի ծառայության պետ Սառա Սանդերսը լրագրողներին հայտնել է, թե  այս պահին իրենք պատրաստ չեն որևէ որոշում հրապարակել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ: