Վերջնականապես կխզվե՞ն ԱՊՀ-Ուկրաինա հարաբերությունները

Անկախ պետությունների համագործակցության հետ բոլոր կապերը խզելու Ուկրաինայի վճռականությունը նոր փուլ է մտել: Նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 2-ին ուղիղ եթերում արտգործնախարար Պավել Կլիմկինին հանձնարարել է առաջարկ պատրաստել ԱՊՀ համակարգող մարմիններից Ուկրաինայի ներկայացուցիչներին հետ կանչելու վերաբերյալ: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով:

- Պավել Անատոլևիչին խնդրում եմ մեկ շաբաթում առաջարկություն ներկայացնել Ուկրաինայի բոլոր ներկայացուցիչներին հետ կանչելու Մինասկից` ԱՊՀ համակարգող մարմիններից,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ երկիրն այդպիսով կդադարեցնի իր անդամակցությունը ԱՊՀ համակարգող կառույցներին: Դա, սակայն, չի նշանակում, թե Ուկրինանան դուրս է գալիս այդ կազմակերպությունից, քանի որ այնտեղ երբեք չի էլ եղել: 

Հիշեցնենք, որ այս հարցը Ուկրաինայում բարձրացվել էր դեռևս ապրլի 12-ին, երբ Պորոշենկոն կառավարությանն առաջարկել էր դադարեցնել Ուկրաինայի մասնակցությունը ԱՊՀ-ին: Ապրիլի 23-ին ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ Ուկրաինան Համագործակցության մարմիններից դուրս գալու վերաբերյալ դեռևս պաշտոնական ծանուցում չի ներկայացրել:

Ուկրաինա-ԱՊՀ հարաբերությունները ձևավորվել են 1991թ., երբ Կիևը վավերացրել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը, սակայն Համագործակցության կանոնադրությունը չի վավերացրել: Այս պատճառով պետությունն իրավաբանորեն ԱՊՀ անդամ չի դարձել: Այսուհանդերձ, Կիևը մասնակցել է ԱՊՀ-ի աշխատանքներին, սակայն` ոչ բոլոր մակարդակներում: 

ԱՊՀ-ի հետ բոլոր հարաբերությունները խզելու գործընթացը սկսվել է դեռևս 2014թ. իշխանափոխությունից հետո, սակայն Ուկրաինայի նոր կառավարությունը մինչև վերջին դեպքերն այն ավարտին չէր հասցնում: Ուղիղ եթերում հանձնարարությունը հնչեցնելուց հետո արդեն քիչ հավանական է, որ այս հարցում հապաղում լինի:

Այս պահին ԱՊՀ լիիրավ անդամ է ԽՍՀՄ 9 նախկին հանրապետություն` ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը: Դեռևս անհայտ է, թե նաև «Ռուսական համագործակցություն» անունով հայտնի այս կազմակերպությունը որքան կշարունակի իր գոյությունը և դրա ահնրաժեշտւթյունը կա՞ արդյոք: Հիշենք, որ 2009թ. ԱՊՀ-ին վերջնականապես հրաժեշտ է տվել Նաև Վրաստանը` պայմանավորված 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմով: