ԵՄ-ից բյուջտային վճարումներ կստանան միայն օրենքը հարգող երկրները

Թեև Եվրամիության հաջորդ 7-ամյա բյուջեն պետք է ձևավորվի երեք տարի անց, սակայն Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է այնտեղ որոշ սկսզբունքներ փոփոխելու մտադրության մասին: Առաջին փոփոխությունն առնչվում է ԵՄ երկրներում օրենքի գերակայության պահպանմանը:

Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ բյուջեից հատկացումներն իրավաբանորեն պայմանավորել դրանով: Այս պահին դա անմիջականորեն սպառնում է հատկապես երկու երկրի` Լեհաստանին ու Հունգարիային: Բրյուսելը Լեհաստանի հետ տարաձայնություններ ունի այնտեղ իրականացված դատական բարեփոխումների վերաբերյալ, իսկ Հունգարիան հրաժարվում է ընդունել ԵՄ մասնաբաժնով սահմանված փախստականներին:

Գուցե Եվրահանձնաժողովը փոփոխությունների մտադրությունն այսքան շուտ է հրապարակել, որպեսզի այս և մնացած երկրներին հնարավորություն տա առաջնորդվել օրենքի գերակայությամբ և ինքնագործունեությամբ  չվտանգել գումարները, որոնք կարող էին ստանալ: Մանավանդ` ԵՄ անդամ բոլոր երկրներից դրանց գանձումը պետք է վերահսկսվի նախկին խստությամբ: Այսինքն, երկիրը բյուջեին արվող վճարումներից հրաժարվել չի կարող, սակայն կարող է զրկվել իրեն հատկացվելիք բաժնից:

Հաջորդ նորարարական առաջարկը հենց բյուջեի ձևավորմանն է վերաբերում: Եթե մինչև հիմա ԵՄ բյուջեն ձևավորվում էր միայն անդամ երկրների ուղիղ վճարումներից, ապա հաջորդ փուլի համար առաջարկվում է ներդնել նաև տուգանքների համակարգ: Դա առաջին հերթին վերաբերում է երկրների բնապահպանական իրավիճակին: Առաջարկվում է, օրինակ, տուգանքներ սահմանել յուրաքանչյուր երկրում առկա պլաստիկե թափոնների քանակին համարժեք: Գուցե նաև սրա վրա հենվելով` առաջիկա փուլի բյուջեի համար առաջարկվել է 1 տրլն 279 մլրդ եվրո, մինչդեռ ընթացիկ բյուջեն կազմում է 1 տրլն 14 մլրդ եվրո:

Այժմ Եվրահանձնաժողովի այս առաջարկությունները պետք է քննարկեն անդամ երկրներն ու Եվրախորհրդարանի պատգամավորները: Դրանք 2020թ. պետք է ստանան Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի հաստատումը` դառնալով հաջորդ 7-ամյա բյուջետային փուլի ֆինանսական հիմնական գործիքը:

Մի կողմից, իհարկե, նման ֆինանսական հարկադրանքները կարող են Եվրամիության երկրներին մղել գործելու օրենքի շրջանակներում և մտահոգվելու բնապահպանության վիճակի համար: Սակայն սա կարող է նաև մահակ դառնալ` երկրներին թելադրելու գործելակերպ, որը վնասում է նրանց ազգային շահերին: Եվրամիությունում այդպիսի պետությունները հիմնականում համեմատաբար թույլ տնտեսություն ունեն, այսինքն` ԵՄ բյուջեից ստացվող գումարների կարիքն ավելի շատ են զգում: