Աֆղանստանում պատերազմն ավարտված է համարվում, բայց…

Փորձը ցույց է տալիս, որ մեր աշխարհում պատերազմները հեշտությամբ բռնկվում, սակայն մեծագույն դժվարությամբ են մարում: Օրինակ, 1978թ. Աֆղանստանում բռնկված քաղաքացիական պատերազմի կրակը, կարելի է ասել, մինչև այսօր հնարավոր չի եղել հանգցնել: Այն նոր դրսևորումներով շարունակվել է 2001-2014թթ., երբ Միացյալ Նահանգներն այնտեղ ռազմական գործողություններ էր վարում, այժմ էլ թալիբներն են իրենց ձեռքին պահում քառասուն տարի շարունակվող ավերածությունների ու հարձակումների «դրոշը»:
 
Սա երևում է ԱՄՆ կառավարության՝ Աֆղանստանի վերականգնման գծով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոյի պատրաստած զեկույցից՝ հրապարակված մայիսի 1-ին: Ըստ դրա՝ վերջին երկու տարում թալիբներին հաջողվել է Աֆղանստանում մեծացնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների թիվը:
 
- 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Աֆղանստանի 407 շրջաններից 59-ը թալիբների լիակատար հսկողության կամ ազդեցության ներքո էին: Դա ընդհանուրի 14,5%-ն էր: Այս ցուցանիշը երեք տոկոսային կետով ավելի է, քան 2016թ. է եղել: Կառավարությունը վերահսկում է 229 շրջան՝ 56,3%-ը: Մնացած 119 շրջաններում (29,2%) իրավիճակն անորոշ է,- արձանագրում է զեկույցը:
 
Այս փաստաթղթի հեղինակը նաև ընդգծում է, որ վերջին տարում աֆղանական բանակը կրճատվել է 36 հազար մարդով, իսկ ոստիկանությունը՝ 296 հազարով: 
 
- Թալիբները և այլ խմբավորումների գրոհայիններն առաջվա նման ճնշում են գործադրում աֆղանական ուժերի վրա՝ համագործակցված հարձակումներ կազմակերպելով որոշ շրջանների վերահսկիչ անցակետերի վրա: Սա աֆղան զինծառայողների շրջանում կորուստների պատճառ է դառնում: Բացի այդ, գրոհայինները նաև նրանց զենքն են զավթում,- նշել է գլխավոր տեսուչը:  
 
Հիշեցնենք, որ Աֆղանստանում այժմ գործում են Անվտանգության աջակցության միջազգային ուժերը, որոնց կազմում 121 խաղաղապահ կա նաև Հայաստանից: Սոպկոյի տվյալներով՝ այս պահին տեղաբաշխված ամերիկացի զինվորները 15,5 հազար են, իսկ ՆԱՏՕ-ից և գործընկեր այլ երկրներից (ընդհանուրը՝ 48 երկիր) նրանց օգնում են մոտավորապես 7,5 հազար զինծառայող: 
 
Զեկույցում տեղեկություններ կան նաև ամերիկյան կորուստների վերաբերյալ: Այսպես, 2017թ. զոհվել է ամերիկյան 11 զինծառայող, վիրավորվել՝ 102-ը, իսկ ընթացիկ տարում արդեն ունեցել են 2 զոհ և 19 վիրավոր: 
 
Վերջին չորս տասնամյակում համարյա խաղաղություն չտեսած Աֆղանստանի համար մխիթարական չեն նաև ուրիշ իրողություններ: Շատ է խոսվում, որ Սիրիայում պարտվելով՝ իսլամիստ գրոհայիններն անցնում են Աֆղանստան, որտեղ իրենց ահաբեկչական գործողությունների համար նպաստավոր պայմաններ կան: