ԱՄՆ-ի դեմ միավորվելու կոչեր Թեհրանից

Վաշինգտոնում ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ Իրանի վերաբերյալ հնչած մեկնաբանություները իրանական կողմին հարկադրում են համախոհներ փնտրել հակառակ բևեռներում: Այնտեղից կոչեր են հնչեցնում աշխարհիկ և քաղաքական առաջնորդները:
 
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին ՌԴ Սոչի քաղաքում կոչ է արել ընդունել ԱՄՆ քաղաքականությանը հակազդող ընդհանուր ռազմավարություն: Սոչիում ապրիլի 24-26-ին հանդիպել են 118 երկրների բարձր ներկայացուցիչներ, որպեսզի գլխավորապես քննարկեն անվտանգությանն առնչվող հարցեր: 
 
Շամխանիի կոչին անդրադարձել է իրանական  IRNA գործակալությունը:
 
- Թեհրանը, Մոսկվան և Պեկինը պետք է ընդունեն Վաշինգտոնի գործողություններին հակազելու ընդհանուր ռազմավարություն, քանի որ ԱՄՆ-ը այդ երեք երկրները ներառել է իր ազգային անվտանգության սպառնալիքների ցանկում,- հայտարարել է Շամխանին: 
 
Ահաբեկչության դեմ պայքարի խնդրին անդրադառնալով՝ ծովակալը նշել է, որ Իրաքում և Սիրիայում ծայրահեղականներն իրենց դիրքերը կորցրել են, սակայն վտանգ կա, որ գրոհայինները կվերաբաշխվեն Աֆղանստանում:
 
- Այդ համատեքստում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Աֆղանստանի միջև համագործակցությունը անհրաժեշտ է, որպեսզի կանխվի ահաբեկչության ծավալումը տարածաշրջանում,- ընդգծել է Շամխանին: 
 
Իրանական «Մեհր» գործակալությունն էլ տարածել է ԻԻՀ ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի հայտարարությունը, որով նա մուսուլմանական բոլոր երկրներին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ:
 
- Իրանը հաջողությամբ դիմակայում է ԱՄՆ-ի և մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել: Մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն Ամերիկայի և բռնացող մյուս երկրների դեմ,- հայտարարել Է Համենեին:
 
Թե այս կոչերից հետո ինչ վերադասավորումներ կլինեն աշխարհի քաղաքական քարտեզին՝ առայժմ այնքան էլ որոշակի չէ: Որովհետև եթե Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են ԱՄՆ-ի դեմ պայքարել, որովհետև նրա ազգային անվտանգության համար սպառնալիք են հռչակվել, ապա մուսուլմանական բոլոր երկրները չէ, որ Իրանին ընդունում են: Իսլամի ներսում էլ պայքար է գնում շիաական և սուննիական ճյուղերի միջև, իսկ Իրանը հենց շիաականության գլխավոր պատվարն է: 
 
Հետաքրիր է, որ մահմեդականություն դավանող երկրները միշտ փորձում են իրար ապավինել, անգամ՝ երբ ակնհայտ նվաճողական ձգտումներ են դրսևորում: Մենք դա շատ լավ տեսնում ենք Ադրբեջանի գործելակերպում, ինչը նրան քիչ հաջողություն չի բերում, երբ հարցը վերաբերում է քրիստոնեական Հայաստանին: