Իսկ վստահությունը խաթարվել է Ադրբեջանի գործունեության պատճառով

ԵԺԿ ՆԱԽԱԳԱՀ. «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ»

«Ավանգարդն» արդեն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի հետաքննության խմբի զեկույցին, որտեղ նշվում են անուններն այն խորհրդարանականների, ովքեր Ադրբեջանից կաշառքներ են ստացել և նրա շահերի օգտին կառույցում գործունեություն ծավալել:

Նրանցից երկուսը` Լուկա Վոլոնտեն ու Պեդրո Ագրամունտը, ժամանակին եղել են ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի ղեկավարներ։ Եվ ահա սրա վերաբերյալ կոչ է հրապարակել ԵԺԿ-ն:

Կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլիի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե մանրամասնորեն ուսումնասիրել է  զեկույցը և իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդին: Նա նշել է, որ պետք է անել առավելագույնը` վերականգնելու համար վստահությունը ԵԽԽՎ-ի նկատմամբ` որպես Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության պահապանի ու խաղաղությունը խթանողի։

- 30 տարի քաղաքականության մեջ լինելով, ես տխուր ու վրդովված եմ` այդ զեկույցում քաղաքական գործիչների անուններ տեսնելով։ Մեր քաղաքացիները քաղաքական գործիչներին ընտրում են իրենց ծառայելու ու իրենց շահերը ներկայացնելու համար, այլ ոչ թե ճիշտ հակառակը,- ասել է ԵԺԿ նախագահը:

Նա նաև շեշտել է, որ ԵԺԿ-ին անդամակցած կուսակցությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու մեծացնեն իրենց գործունեության թափանցիկությունը, իսկ նրանց անդամները պետք է համապատասխանեն ԵԺԿ-ի արժեքներին: Ասել կուզի` Վոլոնտեի ու Ագրամունտի նման «գործիչները» չպետք է այդ կուսակցության անդամ լինեին, էլ չասած` ղեկավարներ:

- ԵԺԿ-ն բացարձակապես անհանդուրժող է բարոյական պահվածքին հակասող վարքագծի նկատմամբ, որը ներառում է կոռուպցիա, կաշառակերություն կամ շահերի բախում,- նշված է հայտարարության մեջ: