Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահներն ասուլիսում աշխարհի գործերից են խոսել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ, և ապրիլի 24-ին տեղի է ունեցել երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսը: Համաշխարհային մամուլն արդեն բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է Մակրոնի ու Թրամփի տեսակետներն ու մեկնաբանություները, որոնք, անշուշտ, կարող են կարևոր դեր խաղալ ամբողջ աշխարհի ապագայի համար:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ խոսել է այն մասին, թե կցանկանար Սիրիայից հեռանալ: Իսկ ահա քիչ անց հայտարարել է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը գործնականում տրված է, և Սիրիայի հարցով շուտով կարևոր որոշում կկայացվի:   
 
- Մենք ԻՊ-ի վերջը գործնականում տվել ենք, և շուտով շատ կարևոր որոշում կկայացնենք Սիրիայի հարցով,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը:
 
Սակայն երևում է՝ ԱՄՆ նախագահի ասած «գործնականում»-ն այնքան էլ լիարժեք իմաստ չունի: Նույն օրը խոսելով Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով հեռացած քրդերի մասին՝ ԱՄՆ կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը ասել է, թե այժմ նրանք սկսել են Եփրատի հովիտ վերադառնալ, որպեսզի կռվեն ԻՊ-ի դեմ: Գրոհայինների դեմ վերջնական հաղթանակը, ըստ երևույթին, Ֆրանսիայի նախագահի համար նույնպես շատ համոզիչ չէ, քանի որ նա էլ հայտարարել է, թե Ֆրանսիան կմնա Սիրիայում, որպեսզի շարունակի պայքարել ահաբեկիչների դեմ: 
 
Երկու նախագահները խոսել են նաև Իրանի միջուկային ծրագրից: Մակրոնը նշել է, թե մտադիր է աշխատել Իրանի միջուկային ծրագրի նոր պայմանագրի վրա: «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ մեկնելուց առաջ Մակրոնը հայտարարել էր, թե Իրանի հետ միջուկային պայմանագիրը կատարյալ չէ, սակայն այլընտրանք չունի:
 
Թե ինչ շտկումներ կփորձեն մտցնել առկա պայմանագրում, կամ Իրանը դա կհանդուրժի՞ արդյոք՝ դեռ կերևա: Սակայն Իրանի դեմ Արևմուտքի հակադրության պատճառներից մեկը նույն ասուլիսում բացահայտել է Թրամփը: Նա ասել է, թե ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը Միջերկրական ծով մուտք գործելու հնարավորություն ստանա.
 
- Մենք Միջերկրական ծովի առջև հզոր պատնեշ կկանգնեցնենք, ինչն իմ կարծիքով շատ կարևոր է: Որովհետև եթե դա չանենք, ապա Իրանը ձեռք կբերի ուղիղ ելք դեպի Միջերկրական ծով, իսկ դա չպետք է տեղի ունենա: