«Բարեկամների խումբ» ԵԱՀԿ-ում՝ ի պաշտպանություն լրագրողների

Լրագրողի աշխատանքը վտանգավորությամբ քչերին է զիջում: Գրեթե ամեն օր են լուրեր տարածվում նրանց նկատմամբ բռնությունների, տարբեր թեժ կետերում թղթակիցների զոհվելու մասին: Իրենց աշխատանքը կատարելով՝ լրագրողները փորձում են (կամ գոնե կոչված են) ճշմարիտ տեղեկություններ հաղորդել իրադարձությունների մասին, որոնցում բազմաթիվ շահեր են բախվում: Իսկ նրանց անվտանգության մասին քչերն են մտածում:
 
Ահա թե ինչու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում որոշել են ստեղծել լրագրողների պաշտպանության հարցերով զբաղվող խումբ:
 
ԵԱՀԿ 15 մասնակից երկրի անդամակցությամբ Վիեննայում կազմակերպվել է «բարեկամների խումբ», որի գործունեության հիմքում դրվելու են լրագրողների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը: Կառույցում այս մասին հաղորդագրությունը տարածվել է ապրիլի 23-ին: 
 
- ԵԱԿՀ 15 մասնակից երկրներ՝ Ֆրանսիայի, Լիտվայի և Շվեդիայի նախաձեռնությամբ, Վիեննայում կազմակերպել են լրագրողների անվտանգության գծով բարեկամների խումբ: Սպառնալիքները, որոնց ենթարկվում են լրագրողները, ԵԱՀԿ տարածաշրջանում օրեցօր մեծանում են: Հարկավոր է մեր ուժերը միավորել,- «Թուիթերում» հայտարարություն է տարածել ԵԱՀԿ-ում Լիտվայի ներկայացուցչությունը: 
 
15 երկրների այս նախաձեռնությունը ողջունել է ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը՝ նշելով, թե լրագրողների անվտանգությունն իր գերակա խնդիրն է: Ի դեպ՝ այս մասին տեղեկություն հաղորդող «ՌԻԱ-նովոստին» շեշտել է, որ այս խմբում Ռուսաստանը ներառված չէ: Երևում է՝ «բարեկամների» շարքում ՌԴ-ն տեղ չունի, կամ ազատ խոսքի մունետիկներին պաշտպանելու գործում վստահելի չի համարվում:  
 
Մեր օրերում բազմաթիվ միջազգային կառույցներ, կազմակերպություններ, խմբեր են ստեղծվել, որոնք մեծադղորդ առաքելություններ են հռչակում, սակայն շոշափելի դրական արդյունք չեն ապահովում: Այս նորաստեղծ խմբի գործառույթները դեռևս հանրությանը չեն ներկայացվել, սակայն կարևոր է, որ անվտանգություն ապահովելու լծակներ ներառեն: Միայն թե դժվար է պատկերացնել՝ ի՞նչ կերպ է «բարեկամների խումբը» ապահովելու անվտանգությունը մի լրագրողի, ով գնացել է լուսաբանելու, ասենք, Սիրիայի կառավարական զորքերի ու ահաբեկիչների բախումները կամ հակակառավարական ցույցերը որևէ բռնապետական երկրում: