Արևմո՞ւտքն է Ուկրաինայից իշխանափոխություն պահանջում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի կարծիքով՝ այսօր Արևմուտքը Ուկրաիանայից մեկ գլխավոր պահանջ ունի՝ իշխանափախություն: Այդ մասին տեղեկացրել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Խոշոր գործարար և «Կյանքի համար» կուսակցության ղեկավար Վադիմ Ռաբինովիչը, որ միաժամանակ Ուկրաինայի ու Իսրայելի քաղաքացի է, նման եզրակացության եկել է՝ վերլուծելով Վաշինգտոնում ուկրաինացի գործիչների ընդունելությունը:
 
Նա հեռուստաալիքին պատմել է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք են ժամանել «Ազգային ճակատ» կուսակցության բոլոր գլխավոր զինակիցները, և նրանց այնտեղ փառահեղորեն են ընդունել: Նրանց թվում, սակայն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մարդկանցից ոչ մեկը չի եղել: Ռաբինովիչի կարծիքով՝ դա ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը փոխելու ժամանակն է: 
 
Հիշեցնենք, որ «Ազգային ճակատ» կուսակցութան առաջնորդն Ուկրաինայի հետմայդանային վարչապետ Արսենի Յացենյուկն է, ով 2016թ. ապրիլին հրաժարական տվեց: Ռաբինովիչն ընդգծել է, որ այժմ երկրի նախագահ Պյուտր Պորոշենկոն անելանելի վիճակում է և նախագահի պաշտոնը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել չի կարող: Պորոշենկոն Ուկրաինայի նախագահն է 2014թ. ի վեր, այնպես որ նրա պաշտոնավարման առաջին ժամկետին շատ ժամանակ չի մնում: 
Մինչ այդ Վադիմ Ռաբինովիչը նաև հայտարարել էր, թե Ուկրաինան այժմ մնացել է առանց բարեկամների և վիճել է բոլոր հարևանների հետ: Նրա խոսքով՝ պետությունը մոտ ժամանակներս չի կարող վերականգնել լավ հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: 
 
Ռաբինովիչի խոսքում իրոք մտահոգություն է հնչում այն պետության ճակատագրի հանդեպ, որտեղ ծնվել է և քաղաքական ու տնտեսական գործունեություն է ծավալում: Տարօրինակը միայն այն է, որ իշխանափոխություն անելու պահանջը բխեցվում է ոչ թե առկա խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, այլ Արևմուտքի պահանջից: Իսկ դա թերևս նշանակում է մեկ բան՝ հետխորհրդային այս երկրում չեն կարողանում պատկերացնել, որ անկախ պետություն դառնալով՝ նաև ինքնուրույն կառավարելու և քաղաքականություն վարելու հնարավորություն են ստացել: Պոկվելով Ռուսաստանի թելադրանքից՝ այժմ էլ նրան ամեն կերպ մերժող Արևմուտքի կամքին են ապավինում: Սա, սակայն, մի ցավ է, որով տառապում է ոչ միայն Ուկրաինան: