Կուբան իր ուղեգծից չի շեղվի

Յուրօրինակ «երկաթե վարագույրի» հետևում ապրող Կուբան այս օրերին աշխարհի լրատվամիջոցներին ուշադրության բևեռում է: Այն, որ այնտեղ փոխվել է երկրի ղեկավարը, ամենագրավիչ լուրը չէ: Աշխարհին նաև հետաքրքրում է, թե Կաստրոների 60-ամյա ղեկավարությունից հետո ինչ ուղիով է ընթանալու երբեմնի «սոցիալիստական ճամբարի» այս եզակի կղզյակը: Պարզվում է՝ ղեկավարի փոփոխությունը առայժմ ընտրած ուղեգծի փոփոխություն չի ենթադրում: Ասել կուզի՝ Կուբան կապիտալիզմի չի անցնում:
 
Ապրիլի 19-ին ավարտվել է Կուբայի խորհրդարանի պատմական նստաշրջանը, որտեղ հանրահայտ Ֆիդել Կաստրոյի 86-ամյա եղբայր Ռաուլը հրաժարվել է Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից: Սրանով ընդհատվել է Կաստրո ընտանիքի անդամների անընդմեջ կառավարումը: Այսուհետև երկրի Պետխորհուրդը գլխավորելու է Միգել Դիաս-Կանելը, ով մինչ այս Ռաուլ Կաստրոյի տեղակալն էր: Կուբայի նոր առաջնորդի առաջին իսկ ելույթը ազդարարել է՝ սրանով չի ավարտվում իրենց դարաշրջանը, ոչ էլ երկրի բռնած ընթացքն է փոփոխվում: 
 
Միգել Դիաս-Կանելը ուղղակի հայտարարել է՝ Կուբայում կապիտալիզմին վերադարձ չի լինելու: Նոր առաջնորդի խոսքերով՝ խորհրդարանի նստաշրջանում Կուբայի ղեկավար մարմիններում ընտրվածների կողքին տեղ չկա կապիտալիզմի վերականգնումը ցանկացողների համար: Սրանով հանդերձ՝ նա խոստացել է շարունակել տնտեսական համակարգի արդիականացումը և անփոփոխ պահել արտաքին քաղաքականությունը:
 
Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների փորձն է, թերևս, Կուբայի նոր առաջնորդին հուշել, որ դեպի կապիտալիզմ կտրուկ շրջադարձը ոչ մի լավ բան չի տա: Այսպես կոչված վայրի կապիտալիզմի օրենքներով ընկղմվելով նոր տնտեսական հարաբերությունների ճահիճը՝ շատ հետսոցիալիստական երկրներ հայտնվեցին աղքատության ու բևեռացման ճահճում, այժմ էլ մեկ այլ տեսակի խաղաքարտեր են դարձել միջազգային ուժերի ձեռքին: Չինաստանի փորձն էլ գուցե ցույց է տվել, որ աշխարհի հզորներից մեկը լինելու գրավականը բնավ էլ կապիտալիզմի օրենքներով տնտեսվարելը չէ:  
 
Բոլոր դեպքերում՝ աշխարհն արդեն գործ ունի մի նոր տարբերակի Կուբայի հետ, և թերևս շատ միջազգային «խաղացողներ» արդեն դրա վրա «խաղադրույքներ» են ծրագրում, որոնց դրսևորումները շուտով կերևան: