Ավստրիայի կանցլերն իր երկիրն առաջարկում է որպես բանակցությունների հարթակ

Մինչ Միացյալ Նահանգներն ու նրա որոշ դաշնակիցներ սրում են իրավիճակը Սիրիայում և երկիրը հրթիռակոծում չապացուցված մեղադրանքի հիման վրա` Եվրոպայում որոշ «սառը գլուխներ» փորձում են կանխել հակամարտության հետագա ծավալումը:

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դրանից հետո նա հայտարարել է, թե անհրաժեշտ ամեն ինչ անել` կանխելու իրադրության հետագա սրումը հատկապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
 

- Հենց նոր կանցլեր Մերկելի հետ քննարկեցի Սիրիայի իրադրությունը: Մենք միասնական ենք այն հարցում, որ հակամարտության լուծումը չպետք է ռազմական միջոցներով լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք դրա հետագա սրումը նախևառաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և առաջ մղենք խաղաղ դիվանագիտական գործընթացը,- «Թուիթերի» իր էջում գրառել է Ավստրաիայի կանցլերը:

Հիշեցնենք, որ թեև Գերմանիան նույնպես Սիրիայի իշխանություններին ու ՌԴ-ին մեղադրեց Դումա քաղաքում իբր թե քիմիական զենքի կիրառման համար, սակայն հրաժարվեց այնտեղ ուղարկել իր նավերն ու ինքնաթիռները, որպեսզի միանար ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի իրականացրած հրթիռակոծությանը:

Թե որքան են լուրջ Կուրցի մտահոգությունն ու հակամարտության ծավալումը կանխելու պատրաստակամությունը` երևում է այն բանից, որ նա նույն օրը` ապրիլի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ քննարկել է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և վստահության մթնոլորտը վերականգնելու հարցը: Այս մասին նույնպես Ավստրիայի կանցլերը գրել է սոցցանցի իր էջում: Կանցլեր Կուրցը Պուտինի հետ զրուցելուց հետո հայտարարել է, թե իր երկիրը կարող է հարթակ առջարկել Սիրիայի վերաբերյալ բանակցությունների համար:

- Ես նաև հավաստիացրի, որ Ավստրիան միշտ պատրաստ է լինել բանակցությունների վայր,- գրել է Կուրցը:

Միջազգային հարաբերություններում բանակցությունները, իհարկե, հզոր գործիք են և շատ դեպքերում են արյունահեղ հակամարտություններ կանխել, սակայն Սիրիայի պարագայում կարծես թե սկսել են ուժը կորցնել: Բայց եթե Ավստրիայի կանցլերի շուրջը համախմբվեն աշխարհի բախտի համար իրոք մտահոգ քաղաքական գործիչներ ու պետությունների առաջնորդներ, գուցե թե կարողանան «սայլը» տեղից շարժել: Մեկ էլ տեսար` բոլորը հասկացան, որ սեփական շահերն ու հավակնություններն առաջ մղելու գինը կարող է ամենայն երկրայինի վախճանը լինել: