Բրիտանացիների միայն 28%-ն է հավանություն տալիս Մեյի քաղաքականությանը

Բրիտանիայի համար վերջին ամիսը հագեցած էր քիմիական մեղադրանքներով:
 
Երկրի վարչապետ Թերեզա Մեյը նախ ոգևորված մեղադրում էր Ռուսաստանին՝ հաստատ համոզմունք հայտնլով, թե ռուս նախկին լրտես Սկրիպալին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորել են հենց ՌԴ իշխանությունների կարդադրությամբ: Սրան, ինչպես հայտնի է, հետևեց «դիվանագիտական պատերազմը»:
 
Այնուհետև հերթը հասավ սիրիական Դումայում քիմիական գրոհի մասին տեղեկություններին: Այս դեպքում էլ տիկին Մեյը հնարավորություն ստացավ ոչ միայն իր հաստատ համոզմունքը հայտնելու չապացուցված միջադեպի առիթով, այլև իր դաշնակիցներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ինքնաթիռներ ու նավեր ուղարկեց՝ հրթիռակոծելու Սիրիան: 
 
Իսկ ինչպե՞ս է բրիտանական հասարակությունն ընդունում իրենց վարչապետի քաղաքականությունը: Ներկայացնելով BMG Research-ի հարցման արդյունքները՝ «Ինդեփենդենթը» նշում է, թե կարելի է եզրակացնել, որ թագի հպատակները հավանություն չեն տալիս վարչապետի քաղաքականությանը: Եթե Սկրիպալի գործով Մեյին աջակցություն է հայտնել հարցվածների 46%-ը, ապա Սիրիայի հարցով՝ ընդամենը 28%-ը: Հարցմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի 1562 քաղաքացի: 
 
Սիրիայի Արաբական Հանրապետությանը հարվածելու որոշման վերաբերյալ հարցին հարցվածների 26%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11%-ն ընտրել է «չգիտեմ» տարբերակը: Սկրիպալի վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ 27%-ը նշել է, թե Մեյի՝ միջադեպին հաջորդած գործողությունները ճիշտ չեն եղել:
 
Այս ամենով հանդերձ՝ բրիտանացիներին դուր չի եկել նաև խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի պահվածքը: Այն հանգամանքը, որ նա հրաժարվել է Ռուսաստանին մեղադրել առանց ապացույցների, հարցվածների 46%-ի դժգոհությունն է շարժել և միայն 23%-ն է նրա արձագանքին հավանություն տվել: 
 
Նման արդյունքները պետությունների ղեկավարներին գուցե թե որոշ չափով մտահոգեն, սակայն դժվար թե առիթ տան փոխելու արտաքին քաղաքականությունը: Մեր օրերում այն ձևավովում է բևեռների սկզբունքով, և պայքարն այդ բևեռների միջև օրեցօր ավելի ու ավելի է ընդունում ոչնչացնող պատերազմի երանգներ: Իսկ թե նման ընթացքը մինչև ուր կհասնի՝ ցույց կտա ապագան: