Պատերազմի վիրտուալ հայտարարություն` իրական զենքով ու զորքով

Մեր դարի յուրօրինակությունն անժխտելի է. հիմա սոցցանցերի միջոցով ապստամբություններ են հասունացնում, «արաբական գարուններ» են կազմակերպվում, հսկայական զանգվածների համախմբում ու փողոց դուրս բերում: ՈՒ արդեն կարծես գերտերություններն այն փորձում են դարձնել պատերազմ հայտարարելու հարթակ:

Ըստ օգտատերերի գնահատականների` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի տարածքում պատերազմ է հայտարարել Ռուսաստանին` «Թուիթերի» միջոցով: Բազմամիլիոն լսարանին հասանելի այդ հարթակում նաև դրսևորվել է գերտերության ղեկավարի մտքերի հակասական ընթացքը: Նման բան սրանից առաջվա «հետամնաց» ժամանակներում հազիվ թե հնարավոր լիներ:

Ինչպես հայտնի է, ապրիլի 11-ին` ի պատասխան Սիրիայի հասցեին ԱՄՆ սպառնալիքների, Ռուսաստանը խոստացել է խփել Սիրիայի վրա արձակված ցանկացած հրթիռ: Այս մասին հիշեցնելով` ԱՄՆ նախագահն իր բլոգում նախազգուշացրել է.

- Պատրա՛ստ եղիր, Ռուսաստան, որովհետև նրանք տեղ կհասնեն և կլինեն սիրուն, նոր  ու  «խելացի»: Դու չպետք է համագործակցեիր գազով մահ տարածող անասունի հետ, ով սպանում է իր մարդկանց և հրճվում է դրանով: 

Դրանից քիչ անց Սպիտակ տան ղեկավարը կարծես փորձել է մեղմել իր արտահայտությունների տպավորությունը.

- Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբևէ եղել են` ներառյալ սառը պատերազմը: Դա բոլորովին հիմնավորված չէ: Ռուսաստանը մեր կարիքն զգում է` տնտեսական հարցերում աջակցություն ստանալու համար, և դա շատ հեշտ է անել, իսկ մեզ հարկավոր է, որ բոլոր ազգերը համատեղ գործեն: Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը:

Դոնալդ Թրամփն այս ոգով մի քանի գրառում է արել, որոնք բուռն կերպով քննարկվել են ԱՄՆ բլոգոլորտում: Իսկ նույն օրվա երեկոյան ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդագրոոթյուն է տարածել այն մասին, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հարվածային խումբը` «Հարի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ, դուրս է եկել Նորֆոլկից (Վիրջինիայի նահանգ)  և ուղղություն վերցրել դեպի Մերձավորարևելյան տարածաշրջան: Սրա վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին ՌԾՈՒ մամուլի ծառայությունում հրաժարվել են պատասխանել:
Սիրիայում կատարվող նախապատրաստությունների մասին էլ հրապարակում է տեղադրել «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն  կառավարական զորքերը պատրաստվում են Սիրիային ուղղված հնարավոր հարվածներին: Հոմսի բնակիչները հայտնել են, որ ռազմական ինքնաթիռներն անընդհատ թռիչքներ են իրականացնում: Ենթադրվում է, թե զինվորականներն ինքնաթիռները տեղափոխում են ռուսական Հմեյմիմ ռազմական հենակետ:

«Ռիա-նովոստին» փոխանցել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը «Թուիթերյան դիվանագիտության» վերաբերյալ:

- Մենք աջակցում ենք ծանրակշիռ մոտեցումները: Նախկինի պես կարծում ենք, որ կարևոր է այնպիսի քայլեր չանել, որոնք կարող են վնաս հասցնել առանց այն էլ փխրուն իրավիճակին, - լրագրողներին ասել է Պեսկովը:

Պեսկովը շեշտել է, որ ԱՄՆ-ը փորձում է «մտացածին պատրվակն» օգտագործել Սիրիային հարվածելու նպատակով` նկատի ունենալով սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեղադրանքը:

Աշխարհը, այսպիսով, շունչը պահած սպասում է, թե դեպքերն այսուհետև ինչ ընթացք կստանան: Որովհետև մեծ է վտանգը, որ մերձվորարևելյան ճգնաժամը կարող է վերաճել իսկական համաշխարհային պատերազմի, որի հնարավոր կործանարար հետևանքները, երևում է, այն սանձազերծողներին բնավ  չեն մտահոգում: