Սիրիայի հարցով ՔԶԱԿ-ի եզրակացությունը կարո՞ղ է իրավիճակ փոխել

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հերթական մեղադրանքը դարձյալ աշխարհն իրար է խառնել:
 
Այս էլ որերորդ անգամ՝ Արևմուտքն անվարան մեղադրում է նախագահ Ասադին ու նրա վարչակազմին, իսկ Դամասկոսն ու նրա դաշնակիցները հայտարարում են, թե կառավարական զորքերը քիմզենք  չեն կիրառել: Ապրիլի 7-ին Արևելյան Ղուտայի Դումա քաղաքը ահաբեկիչներից մաքրելու գործողության շրջանակներում տեղի ունեցած զարգացումները (որոնց «Ավանգարդն» արդեն անդրադարձել է) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ստիպել են գործուն քայլերի դիմել:
 
Անտոնիո Գուտերեշը հստակ պահանջ է դրել՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության  (ՔԶԱԿ) փորձագետներին հնարավորություն տալ՝ անարգել մուտք գործելու այն վայրը, որտեղ ենթադրաբար քիմիական գրոհ է ձեռնարկվել: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ ընդգծելով՝ 
 
- Ծայր աստիճանի կարևոր է, որ նրանք հնարավորություն ստանան լիովին և անարգել մուտք գործել այնտեղ, որպեսզի որոշեն՝ քիմիական զենք կիրառվե՞լ է արդյոք:
 
Լրագրողների հետ Դյուժարիկի հանդիպումից առաջ ՄԱԿ-ն արդեն հայտարարություն էր տարածել, թե ՔԶԱԿ-ը մոտ ժամանակներս իր առաքելությունը կուղարկի Արևելյան Ղուտայի Դումա քաղաք՝ այնտեղ իբրև թե տեղ գտած քիմիական գրոհի մասին տեղեկատվությունը ստուգելու նպատակով:   
 
Թե այնտեղ ինչ կգտնի ՔԶԱԿ-ը և ինչ եզրակացություն կհրապարակի՝ կարծես թե քչերին է հետաքրքրում: Համենայնդեպս՝ ԱՄՆ-ն ու նրան ձայնակցողները ՔԶԱԿ-ի հետազոտությունների կարիքը չունեն, որպեսզի «համոզված լինեն», որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական գրոհ է կազմակերպել: Իսկ նման նախագահն ուրիշ ինչի՞ է արժանի, եթե ոչ իրենց նման արդարադատ պետությունների կողմից հուժկու հակահարվածի: Ընդ որում՝ ռազմական: 
 
Ու մինչ հայտարարություններով, կոչերով ու պահանջներով նախապատրաստվում է նման հարվածի հնարավորությունը,  արաբական ԶԼՄ-ները սկսել են լուրեր տարածել, թե Ասադին այլ բան չի մնացել, քան Սիրիայից հեռանալն ու Իրանում ապաստան գտնելը: «Ռիա-նովոստիի փոխանցմամբ»՝ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինն այդ լուրերը հետևյալ կերպ է մեկնաբանել.  
 
- Ես բացարձակապես համոզված եմ, որ դա այդպիսի դեպքերի համար սովորական, մտածված տեղեկատվական քարոզի տարրերից մեկն է, որպեսզի իրավիճակն ապակայունացնի: Իբր՝ հանձնվեցեք, ձեր նախագահն արդեն հանձնվել է, նա փախել է: