Մոսկվայի ակնկալիքն ու Անկարայի ռիսկային խաղերը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՏԸ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինը հանձնի սիրիական ուժերի վերահսկողությանը, խոսում է մերթ ընդ մերթ երևացող ռուս-թուրքական շահերի բախման հերթական կետի մասին։
 
Լավրովը հավելել է, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրավել Աֆրինը և այդ կապակցությամբ հիշեցրել Մոսկվայի ակնկալությունը Աֆրինը վերահանձնել սիրիական կառավարական ուժերին։
 
Պարզ է դառնում, որ ռուս-թուրքական համաձայնությամբ կայացած Աֆրինի գրավումը պայմանային տարրեր էր պարփակում։ Ռուսները թողել են, որ Անկարայի ուժերը ներխուժեն Աֆրին, տեղահանեն քրդերին, կազմակերպեն ջարդ ու գրավեն տարածքն ամբողջությամբ և հետո այն հանձնեն սիրիական կառավարական ուժերին։
 
Հակառակ ամենաբարձր օղակներից հնչած հայտարարություններին, թուրքական զորքերը չեն տեղաշարժվում դեպի Մանբիջ։ Ամերիկյան ռազմական հենակետերն այնտեղ են և դա Անկարային թույլ չի տալիս անարգել արշավել տարածք եւ կատարել Մանբիջի «աֆրինացումը»։ 
 
Անկարան, ուրեմն, կարող է հայտնվել ռազմաքաղաքական աքցանում. եթե բավարարի ռուսական ակնկալությունը, այդ դեպքում նա կթողնի Աֆրինը և հետևաբար հետ կկանգնի Մանբիջի գրավման ծրագրից։ Ստացվում է, որ եթե Թուրքիան խնդիր էր դրել Աֆրինի քրդաթափումը, ապա դա նրան հաջողվել է. իսկ եթե խնդրո առարկա տարածքը իր վերահսկողության տակ առնելն էր՝ դա չի իրականացել։
 
Հիմա առավել ևս ընկալվում է Թեհրանի չարգելակելը Թուրքիայի արշավանքին դեպի Աֆրին. Թեհրանը ևս չէր արգելակել ներխուժումը, բայց ակնարկել է թուրքական զորքերի հեռացման անհրաժեշտությունը։
 
Այս բոլոր գործընթացներում առավելաբար խոսվում էր քրդական խաղաթղթային գործոնի մասին։ Շեշտվում է համակողմանիորեն, որ քրդերը հերթական անգամ մանրադրամի դեր էին ստանձնել և թանկ վճարել այդ հանգամանքի համար։
 
Հիմա ռուսական պահանջի հիշեցումը խոսում է Անկարայի նմանատիպ դեր ստանձնելու մասին. բայց թուրքերը հայտնաբար իմանալով դա, գնացել էին այդ խաղին։ Նախարդյալները հուշում են որ նախօրոք գոյացել էր համաձայնություն այդ մասին. տարածքը մաքրազտել քրդերից, հետո քրդաթափված տարածքը հանձնել Դամասկոսի ուժերին։ Հիմա Անկարան ձգձգում է այդ համաձայնության կատարումը՝ հուսալով որ Դամասկոսի ուղղությամբ ամերիկյան որևէ հարված ռազմական ընդհարումները կտեղափոխի ռուս-ամերիկյան հարթություն, և այդ դեպքում թուրքական զորքերի հեռացման հրամայականը կգնա երկրորդ պլան։ 
 
Թվում է, որ ռիսկային այս խաղերը շատ երկարատև չեն լինելու։ Անկարան կա՛մ կբավարարի ռուսական պահանջը, կա՛մ էլ կվերանայվեն ռուս-թուրքական մերձեցման հիման վրա ընթացող համաձայնեցված գործողությունների ծրագրերը։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր