Կրոնական ջերմեռանդությամբ` հանուն հաղթանակի

Երեկ` ապրիլի 8-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուղղափառ եկեղեցու Զատկի տոնին հաղթական ու լավատեսական ուղերձ է հղել: Նա հայտարարել է, թե Ուկրաինայի համար ամենածանր փորձություններն արդեն ավարտվել են:
 

- Հարությունը կյանքի հաղթանակն է ընդդեմ մահվան, ճշմարտության հաղթանակն է ընդդեմ ստի, լույսի հաղթնակն է ընդդեմ խավարի, բարու հաղթանակն է ընդդեմ չարի: Այն նաև մեր համատեղ հաղթանակն է… Այս տարվա Զատիկն առանձնահատուկ օր է, որովհետև նա իր հետ բերում է համոզվածություն, որ ամենածանր փորձությունները (նկատի ունի Ուկրաինայի համար) այժմ հետևում են մնացել,- ասել է նա:

Քիչ հավանական է, որ Ուկրաինայի նախագահը Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» կարդացած լինի, սակայն նրա ուղերձի այս հատվածը շատ է հիշեցնում երգիծական վեպի հերոսի ճառը: Իհարկե, մխիթարական ոչինչ չկա այն հանգամանքում, որ ծանր հակամարտության մեջ ներքաշված մի երկրի նախագահ կարող է երգիծական կերպար հիշեցնել… Կրոնական տոնը Պորոշենկոյին նաև իր խաղաղասիրությունն արտահայտելու առիթ է տվել: Նա պատմել է անցած շաբաթ Դոնբաս կատարած իր այցի մասին և շեշտել, որ տարածաշրջանում աղոթում են ռազմական գործողությունների ավարտի համար:

- Քրիստոսի Հարության տոնը մենք բոլորս միասին ենք նշում, իսկ Սուրբ գրքում գրված է՝`մեկ Աստված, մեկ հավատ, մեկ մկրտություն,- ավետում է շնորհավորանքի տեքստը:

Մինչ այս Ուկրաինայի նախագահը խոստացել էր, որ պատերազմը կավարտվի իր երկրի հաղթանակով: Եվ ահա կրոնական ջերմեռանդությունը նրան հավատ է ներշնչել, որ այդ հաղթանակն արդեն իր ձեռքում է: Թե նույն թեմայով ինչ են մտածում նույն Ուղղափառ եկեղեցու հետևորդները Դոնբասում ու մանավանդ Ռուսաստանում` դեռ այնքան էլ պարզ չէ:

Իհարկե, եթե Պորոշենկոյի լավատեսությունն իրականանա, աշխարհում մի թեժ կետ կվերանա, լարվածության մի օջախ կպակասի: Միայն թե քիչ հավանական է, որ կողմերին իրար դեմ դուրս գալուց զերծ պահի մեկ Աստծով, մեկ հավատով ու մեկ մկրտությամբ միավորված լինելու հանգամանքը: Որտեղ շահն է իշխում, այնտեղ մարդն Աստծուն էլ կուրանա, հավատն էլ, իսկ մկրտությունը ոչ մի խորհուրդ չի ունենա: