ԱՄՆ-ը չի շտապում դուրս գալ Սիրիայից
Սպիտակ տանը հիշել են, որ լրանում է Խան-Շեյխունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մեկ տարին:
Իդլիբ գավառի այս քաղաքում, հիշեցնենք, ըստ երևույթին քիմիական զենք էր կիրառվել, որի հետևանքով, ինչպես պնդում էր սիրիական ընդդիմությունը, 80 մարդ զոհվել էր, 200-ը՝ թունավորվել: Այն ժամանակ ԱՄՆ-ը շտապեց մեղքը բարդել Սիրիայի իշխանությունների և հենց նախագահ Ասադի վրա, թեև դրա համար ծանրակշիռ ապացույցներ չուներ:
Ապրիլի 4-ին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է իր մեղադրանքները՝
- Այսօր Խան-Շեյխունում նյարդակաթվածային ազդեցության զարին գազի կրառմամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անմիտ հարձակման առաջին տարելիցն է: Այն ժամանակ այդ գրոհի հետևանքով զոհվեցին հարյուրավար խաղաղ բնակիչներ: Մենք չենք հանդարտվի, քանի դեռ վարչախումբը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել:
Երևում է՝ քիմիական զենքի կիրառման մեղադրանքն այսօր Արևմուտքի ձեռքին գտնվող ամենահարմար զենքն է, որով փորձում են իրենց հակառակորդներին նեղել, որպեսզի հնարավորություն ստանան նրանց դեմ միջոցներ ձեռնարկել:
Պատերազմի սկզբից Ասադին մեղադրում են քիմիական զենք կիրառելու համար, և եթե դա չլիներ, այդ երկիր ներխուժելու հիմքեր չէին ունենա:
Սիրիայում քիմիական զենքի կիրառման իսկական հասցեատերն այդպես էլ չի հաստատվել (թեև դա ավելի շուտ ահաբեկիչների ձեռագիրն է հիշեցնում), իսկ Ասադի դեմ ոչնչացնող պատերազմ հայտարարած Միացյալ Նահանգները «չի հանդարտվում»:
Հատկանշական է, որ դեռևս մի քանի օր առաջ զորքերը Սիրիայից շուտափույթ դուրս բերելու մասին հայտարարելուց հետո նույն ԱՄՆ-ից տեղեկություններ են տարածվել, թե դա վեց ամսից շուտ չի լինի, և ընդհանրապես՝ իրենք դրա համար ոչ մի ժամկետ էլ չեն սահմանում: Հնարավոր է, որ այս վերջին հայտարարությունն արվել է՝ Անկարայում Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի նախագահների հանդիպումը վերլուծելուց հետո: