Ո՞ւմ է պատկանում Սիրիայի ահաբեկիչներին ջախջախելու «հեղինակային իրավունքը»

Մինչ ապրիլի 4-ին Անկարայում տեղի էր ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի, ՌԴ նախագահ Պուտինի և Իրանի նախագահ Ռուհանիի համատեղ գագաթնաժողովը, որտեղ գլխավորը Սիրիայի հարցն էր, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը  հայտարարություն է տարածել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արաբական հանրապետությունում տարած հաղթանակի մասին:
 
- Սիրիայում ԻՊ-ի վերացմանն ուղղված մեր ռազմական առաքելությունն ավարտին է մոտենում: Արդյունքը ԻՊ-ի գրեթե լիովին ջախջախումն է: Մենք շարունակում ենք ապագա ծրագրերի վերաբերյալ խորհրդակցել մեր դաշնակիցների և բարեկամների հետ,- նշվում է փաստաթղթում:
 
Սպիտակ տան մամուլի քարտուղարը խոսել է Սիրիայում դեռևս մնացած ահաբեկիչների «աննշան ներկայության» մասին, որոնք ամերիկյան ուժերը դեռևս չեն ոչնչացրել: 
 
- Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանի և նրա սահմաններից հեռու գտնվող երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ը, ձգտելու են խաղաղության և կերաշխավորեն, որ ԻՊ-ն այլևս երբեք չի վերածնվի, - իր հայտարարությունը եզրափակել է Սանդերսը: 
 
Նույն օրը ԻՊ-ի վերջնական ջախջախման մասին է խոսել նաև ռուս գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին: 
 
- Այսօր մենք կարող ենք ասել, որ Սիրիայում մեր Օդատիեզերական ուժերի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը ԻԼԻՊ-ի ջախջախումն է, որը կրած կորուստներից հետո փաստացի դադարել է գյություն ունենալ,- Մոսկվայում  ապրիլի 4-5-ը ընթացող Միջազգային անվտանգության VII համաժողովին ասել է բարձրաստիճան ռուս զինվորականը:
 
Գեներալ-գնդապետը նաև նշել է, թե քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար Սիրիայում այսօր ստեղծված են բոլոր պայմանները, և արդեն սկսվել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ ազատագրված տարածքներում վերականգնվում են իշխանության ենթակառուցվածքները:  
 
Նույն թեմայով Իրանի նախագահի ելույթը միանգամայն այլ շեշտադրում ունի: Անկարայում գտնվող Հասան Ռոհանին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեղադրանքներ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին:  
 
- Ցավոք, որոշ գերտերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ցանկացան այդ ահաբեկչական խմբավորումներն (նկատի ունի ԻՊ-ն և «Ջեբհաթ ան Նուսրան») օգտագործել որպես այս տարածաշրջանը կառավարելու գործիք: Ահաբեկիչները, որոնց աջակցում, ֆինանսավորում և ամենաարդիական զենքերով  զինում են արևմտյան որոշ երկրներ, կարող էին արդյունահանել Սիրիայի նավթը և վաճառել: Իրանի և Սիրիայի մեծ ժողովուրդներն իրենց բարեկամ երկրների հետ կարողացան չեզոքացնել այդ դավադրությունը,- մասնավորապես ասել է ԻԻՀ նախագահը:
 
Իրանի նախագահը նաև հայտարարել է, թե ԻՊ-ի պարտությունը ԱՄՆ-ի պարտությունն է: 
 
Ռուհանին Թուրքիային էլ է ուղերձ հղել՝ այս անգամ Աֆրինի վերաբերյալ: Հիշենք, որ Թուրքիան Սիրիայի այդ տարածք զորք է մտցրել այնտեղ ահաբեկիչների դեմ պայքարելու պատրվակով: Հասան Ռուհանին նշել է, թե այնտեղ ծավալվող գործողությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե չեն խախտում Սիրիայի տարածքային ամբողջականությունը: 
 
- Արֆինը պետք է հանձնվի սիրիական բանակի վերահսկողությանը,- Թուրքիայի նվաճողական ախորժակը փորձել է զսպել հարևան Իրանի նախագահը: