Գրոհայինները Ղուտայում տրանսպորտային թունելների ցանց են ստեղծել
Գրոհայիններից ազատագրված Արևելյան Ղուտան բացում է այնտեղ ահաբեկիչների գործունեության ուշագրավ մանրամասներ: Տարածք մուտք գործած սիրիական բանակի մարտիկները, օրինակ, հայտնաբերել են ստորերկրյա թունելների ցանց, որոնցով կարող էին անարգել անցնել ոչ այնքան խոշոր տրանսպորտային միջոցներ: Այդ մասին ռուսական Ռիա-նովոստիի լրագրողին պատմել է այնտեղ գտնվող սպան:
- Ղուտայում`Էրբին և Միսրաբի քաղաքների միջև, փորել են բազմակիլոմետրանոց թունել, որը մենք հայտնաբերեցինք: Թունելի լայնությունն ու բարձրությունը գրոհայիններին հնարավորություն է տվել հողի տակ տեղաշարժվել ոչ խոշոր ավտոմեքենաներով,- պատմել է սպան:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` թունելների նման ցանցեր, միայն թե ոչ այսքան երկար, ավելի վաղ հայտնաբերվել են Արևելյան Ղուտայի խոշոր բնակավայրերի մեծ մասում:
Դրանից առաջ լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին, որ ապրիլի 3-ին կառավարական ուժերի մարտիկները Էրբին բնակավայրում բացահայտել են թունելատիպ շատ խոշոր ընդհատակյա արտադրամաս` նախատեսված տարբեր տրամաչափերի ականանետային արկերի արտադրության համար:
Աշխարհը դեռևս չի կարողանում ձերբազատվել ահաբեկիչներից, ու ակնհայտ է, որ նրանք այսուհետև նույնպես շատ չարիքներ են պատճառելու: Ճիշտ է, տարածքներից զրկվելով` նրանք գրոհելու ձևերը փոխում են, հարմարվում նոր պայմաններին, սակայն ըստ էության` ամենուր գործում են նույն ձեռագրով: Ուսումնասիրելով այդ ձեռագիրը` մարդկությունը գուցե կարողանա նրանց ավերիչ գործունեության դեմն առնել: Միայն թե դրա համար նախ պետք է հրաժարվի իր սպառողական ու եսասիրական մտածելակերպից, որն արդեն իսկական համաճարակ է դառնում ու ծնունդ տալիս նոր ահաբեկիչների: