Թուրքիայի դիվանագիտությունն ուրի՜շ է

Մինչ աշխարհը փորձում է Ռուսաստանը դիվանագիտական աքցանի մեջ առնել, Թուրքիան որոշել է լիովին մաքրվել ռուս դիվանագետի սպանության մեղադրանքից: Երբ 2016թ. դեկտեմբերի 19-ին  Անկարայում բացված լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ Ալթնթաշը (ով մինչ այդ երկուսուկես տարի աշխատել է ոստիկանությունում) գնդակահարեց Ռուսաստանի դեսպանին, Թուրքիայի իշխանությունները շտապեցին մեղքը բարդել գյուլենականների վրա: 
 
Եվ ահա թուրքական դատարանը վճիռ է կայացրել ձերբակալել ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի և նրա յոթ կողմնակիցների ձերբակալման մասին:
 
2016-ի հունիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձը նույնպես վերագրվում է ամերիկաբնակ կրոնական քարոզիչ Գյուլենին: Երևում է՝ Ռուսաստանի աչքին արդարանալու համար նրանից լավ թեկնածու չկա: Իսկ արդարանալ հարկավոր է հենց թեկուզ նրա համար, որ ռուսական «կովկասյան» քաղաքականության շնորհիվ հայկական ընդարաձակ տարածություններ այսօր Թուրքիայի մաս են կազմում: Ինչ մնում է Ռուսաստանին, այնտեղ այս միջադեպը կարծես չեն էլ հիշում, ոչ էլ որևէ չափով դրանով պայմանավորեցին ՌԴ-Թուրքիա ջերմ հարաբերությունները:  
 
Անդրեյ Կառլովի գործով 7 հոգու արդեն ձերբակալել են՝ կասկածելով, որ նրանք գյուլենական շարժման հետ կապ ունեն: Հիմա էլ, ինչպես diken.com.tr-ն է տեղեկացրել, որոշում է կայացվել ձերբակալել ութերորդ մեղադրյալ Գյուլենին: Համարվում է, որ նա է ՌԴ դեսպանի սպանության պատվիրատուն:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան նույնիսկ դիմել էր պաշտոնական Վաշինգտոնին՝ Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն ապարդյուն: Դատախազը նշել է, որ Կառլովին սպանող Մևլութ Մերթ Ալթնթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ և նրանցից սպանության հրամանը ստացել Կիպրոս այցելության ժամանակ։ ՈՒ քանի որ թուրք ոստիկանները նրան տեղնուտեղը սպանել են, նա չի կարող հակառակը վկայել. այնպես որ՝ Անկարան հանգիստ կարող է իր մեղադրանքները «հիմնավորել»: 
 
Այսքանով, սակայն, Գյուլենի դեմ հեռակա գոտեմարտը չի ավարտվում: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ Էրդողանի պահանջով Կոսովոյի մի դպրոցից 5 ուսուցչի  առևանգել ու Թուրքիա են տեղափոխել:
 
Գործողությունն իրականացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Դպրոցը Գյուլենի հայտնի կրթօջախներից է, որոնցում ուսուցման նոր և ըստ երևույթին բավական արդյունավետ մեթոդներ են կիրառվում: Որքան էլ բոլոր հինգ ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, Կոսովոյում դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել: Վարչապետ Ռամուջ Հարադինաջը կատարվածը երկրի ինքնիշխանության խախտում է անվանել:
 
- Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին և ազգային անվտանգության ծառայության ղեկավարին,- ասել է նա:
 
Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ ուսուցիչների առևանգման գործում Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին աջակցել է Կոսովոյի հատուկ ծառայությունը: Անկարան այդ ուսուցիչներին մեղադրում է Թուքիայում իշխանափոխություն իրականացնելու մտադրության համար: Իսկ այն հանգամանքը, որ Կոսովոյի հատուկ ծառայություններն իրենց թուրք գործընկերներին օգնել են, գուցե զարմանալի չէ. ո՞վ չգիտի, որ սերբական հողում անկախություն պահանջող ալբանացիներին հենց Թուրքիան էր թև տալիս:
 
Ըստ երևույթին՝ Էրդողանը համարում է, որ Եվրոպայի կենտրոնում ինքն ունի մի տարածք, որտեղ կարող է ամեն ինչ անել իր ուզածի պես, և այնտեղ դիվանագիտություն բանեցնելը լիովին ավելորդ է: Թերևս իր հավատակիցների այս «օազիսն» արդեն համարում է ապագա օսմանյան կայսրության արևմտյան սահմանը, միայն թե տվյալ տարածքի կառավարիչը կարծես դրան համաձայն չէ: