Արևելյան Ղուտայից 41 հազար գրոհային է դուրս բերվել

Սիրիական Արևելյան Ղուտա շրջանը իսլամիստ ահաբեկիչներից լիովին ազատ է հայտարարվել: Դեռս մարտի 31-ին սիրիական բանակի հրամանատարությունն այդ մասին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների կրակային դիրքերն ու կենտրոնակայանները:
 
- Մանրամասն մշակված մի շարք մարտական գործողություններից հետո, որն իրականացրել են մեր զինված ուժերը՝ համագործակցելով բարեկամ ու դաշնակից ուժերի հետ, վերականգնվել է վերահսկողությունը Արևելյան Ղուտայի շրջանի բոլոր քաղաքների և բնակավայրերի վրա,- փոխանցել է «Ռիա-նովոտի»-ն: 
 
Իսկ արդեն ապրիլի 1-ին հաղորդվել է, որ ազատագրված Արևելյան Ղուտայից դուրս են բերվել բոլոր գրոհայինները: Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն է հայտնել, որ շրջանից հեռացվել են «Ֆեյլաք ար Ռահման» ահաբեկչական խմբավորման բոլոր անդամները (հաղորդել է «Գազետան»): Ըստ տարածված հաղորդագրութան՝ գրոհայինները դուրս են բերվել 8-օրյա մարդասիրական գործողության ընթացքում: Արևելյան Ղուտայից ընդհանուր առմամբ հեռացել 41 հազար 126 գրոհային՝ ներառյալ նրանց ընտանիքների անդամները: Հայտնի է, որ նրանք տեղափոխվել են ապառազմականացված գոտում գտնվող բնակավայրերից մեկը: 
 
Կարևոր է նաև այն, որ վերջին 7 տարում առաջին անգամ բացվել է Դամասկոսի գլխավոր մայրուղին: Արևելյան Ղուտայում ամրացված գրոհայինները հարավային առաջնագծից անընդհատ կրակի տակ էին պահում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը: 
 
Այպիսով՝ Սիրիայում ահաբեկիչներից մաքրվել է ևս մեկ տարածք, որտեղ նրանք իրենց համար պաշտպանության վահան էին դարձրել խաղաղ բնակիչներին: Մինչև այդ պահը պաշտոնական Դամասկոսը գրեթե չէր արձագանքում իր հյուսիսային սահմաններում Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողություններին: Գուցե թե մայրաքաղաքին սպառնացող վտանգի վերացումից և Արևելյան Ղուտայի ազատագրումից հետո դա կանի: 
Ամեն դեպքում՝ Սիրիայում պատերազմը շարունակվում է, այնտեղ բազմաթիվ «խաղացողներ» սեփական շահերն են հետապնդում, սակայն վերջը դեռևս չի երևում: