Շփման փոքր մակերեսով մեծ խնդիրներ չես լուծի

 Մոլեգնող դիվանագիտական աննախադեպ պատերազմի ճակատներում հնչում են նաև դատողություններ՝ դրա վտանգների և ելք գտնելու անհրաժեշտության մասին: Այսպես, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կիրակի հարցազրույց է տվել «Բիլդ» պարբերականին, որտեղ կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ:
 
- Մենք Ռուսաստանի կարիքն զգում ենք՝ որպես գործընկերոջ, օրինակ, տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու, զինաթափման գործերում, նաև՝ որպես միջազգային կարգի պահպանման կարևոր հենարանի: Այդ պատճառով մենք երկխոսության համար բաց ենք և հույս ունենք, որ կհաջողվի աստիճանաբար վերականգնել վստահությունը, եթե Ռուսաստանն իր հերթին դրան պատրաստ է,- Մաասի խոսքերն են փոխանցել ռուսական լրատվամիջոցները:   
Գերմանիայի ԱԳ նախարարը չի մոռացել ընդգծել, որ ռուս դիվանագետների արտաքսումը (չորս ռուս դիվանագետի ԳՖՀ-ից հեռանալու ժամկետ է տրվել մինչև ապրիլի 2-ը) ԵՄ երկրների քաղաքանությանը համերաշխություն հայտնելու նշան է: Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Սկրիպալի թունավորման գործում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ապացույցներ կան: 
 
Երևում է՝ Գերմանիայի գլխավոր դիվանագետն այնուամենայնիվ հասկանում է, որ երկրների միջև երկխոսելու և տարաձայնությունները վերացնելու լավագույն միջոցը դիվանագիտական շփումներն են: Բայց ի՞նչ կարելի է սպասել դրանից, եթե ամբողջ Եվրոպան նվազագույնի է հասցրել այդ շփման «մակերեսը»: 
 
Ավելին, իր կողմից քայլեր է անում նաև ՌԴ-ն՝ արտաքսելով կամ խոստանալով այդ կերպ վարվել իր երկրում գտնվող օտարերկրյա դիվանագետների հետ: 
Երևում է՝ ստեղծված իրավիճակից գոհ չեն նաև Միացյալ Նահանգներում: Սենատոր Լինդսի Գրեհեմը, օրինակ, հայտարարել է, թե ՌԴ-ի նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշումները չեն աշխատում: 
 
- Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանը համբերությունը կորցրել է: Մենք ինչ էլ անում ենք, չի աշխատում: Իսկ նախագահը, չգիտես ինչու, դժվարանում է բացահայտորեն հարվածել Պուտինին,- Fox News հեռուստաալիքի եթերում ասել է հանրապետական սենատրորը: 
 
Նա իր կուսակից նախագահին խորհուրդ է տվել վարած քաղաքականության մեջ կողմնորոշվել իրենց մեկ այլ կուսակցի՝  1981-1989թթ. Սպիտակ տան ղեկավար Ռոնալդ Ռեյգանի օրինակով: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան կոչ՝ խորացնելու վերսկսվող սառը պատերազմը: