Քրդերը կարո՞ղ են խոստումներով ինքնապաշտպանվել

Երեկ՝ մարտի 29-ին տարածվեց Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի պահանջը՝ Մանբիջից անհապաղ դուրս բերել քրդական ինքնապաշտպանության ուժերը: Անկարան սպառնացել է, թե իր պահանջը չկատարելու պարագայում կարող է ռազմական գործողություն իրականացնել, ինչպես արել է Սիրիայի հյուսիսի մյուս շրջաններում:
 
Սրան հաջորդել է Ֆրանսիայից ստացված տեղեկությունն այն մասին, թե պաշտոնական Փարիզը որոշում է ընդունել Մանբիջի քուրդ աշխարհազորայիններին օգնական զորք ուղարկել:
 
Լուրը տարածել է Le Parisien  պարբերկանը՝ վկայակոչելով Փարիզում գտնվող՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի (SDF-ի) պատվիրակության ներկայացուցչին: «Ռիա-նովոստին» էլ տեղեկացնում է, որ երեկ կազմակերպության պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է ամենամոտ ժամանակներս Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկջոկատայինների  ստորաբաժանումներ: Գործողությունները պետք է իրականացվեն Միացյալ Նահանգների զինվորականների հետ համակարգված:
 
Ուղարկվելիք ֆրանսիացի զինվորականների թվաքանակը չի ճշտվել, բայց 
Ֆրանսիայի իշխանությունները Անկարայում իրենց դեսպանին հանձնարարել են այս որոշման մասին հաղորդել Թուրքիայի նախագահ Էրդողանին: 
Ու մինչ Սիրիայում այսպիսով նոր բախումներ են հասունանում, լուր է տարածվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օհայո նահանգում ելույթ ունենալով՝ հայտարարել է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո Միացյալ Նահանգները կարող է Սիրիայից «շատ շուտով» հեռանալ:
 
- Մենք ԻՊ-ի հոգին բերանը կբերենք, մենք Սիրիայից դուրս կգանք շատ շուտով: Թող այժմ էլ դրա մասին ուրիշները հոգան,- ասել է ԱՄՆ նախագահը: 
Նա նաև խոստացել է, որ ԻՊ-ն շուտով լիովին կկորցնի վերահսկողությունը զբաղեցրած տարածքների նկատմամբ, սակայն ամերիկացիները մտադիր են այնտեղից հեռանալ շատ շուտով՝ վերադառնալ իրենց երկիրը: 
 
Ուշագրավ է սրա վերաբերյալ լրագրողների հարցադրմանը ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պետի մեկնաբանությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Հեզեր Նաուերտն ասել է, թե ինքը նման հայտարարություն չի տեսել, սակայն  գործող վարչակազմը մյուս երկրներին կոչ է անում անել ավելին՝ աշխարհում տիրող ճգնաժամային իրավիճակը վերացնելու համար, իսկ Սիրիայի հարցում Վաշինգտոնի քաղաքականության որևէ փոփոխություն իրեն հայտնի չէ: 
 
Թե այս ամենն ինչ է նշանակում, և թե դեպքերն ի՞նչ ընթացք կստանան Մերձավոր Արևելքում՝ մոտ ապագան ցույց կտա: Առայժմ ամենաէականը Թուրքիայի հայտարարությունն է՝ Մանբիջում անել նույնը, ինչ արեց Աֆրինում: Այն ժամանակ էլ Թուրքիան հայտարարեց ու արեց, սակայն ոչ մի երկիր խոսքից գործի չանցավ, որպեսզի դրան խոչընդոտի: