Դրական է, որ դրական է գնահատվել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2018թ. ձեռնարկեց գործեր, որոնք կարծես որոշակի տաբուներ էին կոտրում: Դրանցից մեկը իր հարավային եղբայր-հարևանի երկիր օլիմպիական պատվիրակություն ուղարկելն ու նրանց ուժայինների ներկայացուցիչներին իր երկրի «երկաթե վարագույրից» ներս թողնելն էր: Իսկ իր տարածաշրջանային հարևան Չինաստան այցելությամբ նա սկիզբ դրեց արտասահմանյան պետական այցերին, որոնց չէր դիմել 2011.թ. ի վեր, երբ հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո ստանձնեց ԿԺԴՀ ղեկավարությունը:
Որքան էլ այս այցելությունն սկզբում խորհրդավորության քողով էր պատված, քանի որ դրա մասին պաշտոնական տեղեկություններ չէին հաղորդվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այն դրական է գնահատվել: ՄԱԿ-ի ԱԽ-ի` խաղարարար գործողություններին նվիրված նիստի նախագահողը` Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, լրագրողներին երեկ ասել է.
- Մենք դիտել ենք այդ հանդիպման մասին տեղեկատվությունը: Մենք բոլորս հույսեր ենք փայփայում, որ դա քայլ առ քայլ կարող է նպաստել Կորեական թերակղզում տիրող լարվածության թուլացմանը:
Ռյուտեն նաև շեշտել է, որ հարկավոր է այդ հանդիպումը դրական գնահատել, որովհետև հույսեր է ներշնչում, որ կարող է լարվածությունը մեղմելու գործում օգտակար դեր խաղալ:
Այն հանգամանքը, որ Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի ձեռնարկած քայլը սվիններով չի ընդունվում, թերևս նույնպես պետք է դրական գնահատել: Դա էլ նպաստում է ամբողջ աշխարհում մոլեգնող լարվածության թուլացմանը:
Միջազգային մամուլը խոսում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի ենթադրվող հանդիպման մասին: Ընդ որում, Սպիտակ տնից նշում են, թե իրադարձությունները դրական ուղղությամբ են զարգանում: Ամենուր հնչող ռազմաշունչ հայտարարությունների համապատկերին սրանք մխիթարական երանգ են ավելացնում: