Կատալոնիան պահանջում է ազատ արձակել Պուչդեմոնին

Գերմանիայում Կառլես Պուչդեմոնին հսկողության տակ առնելը վերստին խռովել է Կատալոնիայի անդորրը: Իսպանիայի իշխանությունների պահանջով մարտի 25-ին ձերբակալված քաղաքական գործչին արտահանձնելու վերաբերյալ որոշումը Գերմանիայում կայացվելու է ապրիլի 1-ից հետո:

Ինքնավար Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը Իսպանիայի կենտրոնական իշխանությունները մեղադրում են լիազորությունները չարաշահելու և ապստամբություն հրահրելու համար: Իսկ արտահանձնելու դեպքում նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում:

Կատալոնիայում այժմ բազմամարդ ցույցեր են` Պուչդեմոնին ազատ արձակելու պահանջով: Մայրաքաղաք Բարսելոնում և մյուս քաղաքներում ցուցարարները ամբողջ փողոցներ են փակել: Երթևեկությունը դադարել է անգամ Իսպանիա-Ֆրանսիա մայրուղում: Իսպանիայի ոստիկանները Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքները ցրել են մահակներով:

Պաշտոնական Մադրիդը, երևում է, մտադիր է իր ուժն ի ցույց դնել և բոլոր «անկախականներին» մի լավ դաս տալ, որպեսզի երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություներ չլինեն: Սակայն նրանք կարծես թե չափն անցել են` անկախության հանրաքվեի նախաձեռնող ու ինքնավար մարզի նախկին ղեկավար Պուչդեմոնին քաղաքական վտարանդի դարձնելով: Եթե Գերմանիայում այնուամենայնիվ որոշեն Պուչդեմոնին արտահանձնել, ինչը ձերբակալության փաստից հետո կասկածի տեղ չի թողնում, շատ հավանական է, որ եվրոպական այս բազմաշերտ երկրում բողոքների ու ցույցերի նոր ալիք բարձրանա:

Երբ անցած աշնանը Կատալոնիայում սկսվեցին անկախության հանրաքվեի հետ կապված իրադարձությունները, ամբողջ երկրում տնտեսական խոշոր տեղաշարժեր եղան, ինքնավար մարզում  գրանցված բազմաթիվ ձեռնարկություններ հասցեները փոխեցին: Տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջազգային թնջուկը, այսպիսով, հիմա էլ Իսպանիայում է խճճվել: Ու իր ցանցի մեջ դեռ շատ երկրների է պահելու, քանի դեռ պետություններն առաջնորդվում են սոսկ սեփական շահի սկզբունքով` անտեսելով անցյալի պատմական իրողությունները, ապա նաև մարդասիրությունը, բարոյականությունը և նման այլ` մեր օրերում լիովին վերացական ընկալվող գաղափարներ: