Անօրինական ներգաղթյալներ՝ «զտարյուն արիացիների» փոխարեն

ՍԱ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒՑՈ՞ՒՄ Է

Գերմանիայում նաև միլիոնավոր թուրքեր են ապրում: Եվ երեկ տարածված լուրը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ է նրանց հրամայել Հայոց ցեղասպանության ընդունման դեմ ցույցեր անել, մտածելու տեղիք է տալիս՝ ԳԴՀ-ում կարողանո՞ւմ են իրավիճակը վերահսկել, թե՞ ով ուզենա՝ այնտեղ հրամաններ կտա:
 
Ժամանակին Գերմանիայի առաջնորդ Հիտլերը ձգտում էր իր հայրենիքը դարձնել միայն բարձրակարգ մարդկանց երկիր, որտեղ կարող էին տեղ ուենենալ լոկ «զտարյուն արիացիները»: Երևում է՝ պատմությունը բումերանգի պես հետհարված է կատարում. նացիզմի բնօրրան պետությունում այժմ այնքան այլազգիներ ու այլադավաններ են լցվել, որ ներքին գործերի աշխատակիցները չեն կարողանում նրանց անգամ արտաքսել:
 
Գերմանիան ստիպված է եղել հրաժարվել համարյա 65 հազար ներգաղթյալի արտաքսելու մտքից, քանի որ նրանք ոչ մի փաստաթուղթ չունեն: Այստեղ մի այնպիսի թնջուկ է առաջացել, որից գլուխ հանել չի լինում: Բանն այն է, որ այդ նույն մարդկանց մերժել են ապաստան տալ հենց նույն՝ փաստաթղթերի բացակայության պատճառով: Այսքան մարդ Գերմանաիա է հասել՝ չունենալով անձնագիր կամ անձը հաստատող որևէ վկայական:
 
Ըստ գերմանական «Ֆունկե» լրատվամիջոցի հրապարակած փաստերի՝ 2017թ. վերջին իշխանությունները հարկադրված հրաժարվել են 64 914 ներգաղթյալի արտաքսումից, իսկ դեռևս 2016թ. նման անձանց թիվը չի գերազանցել 38 հազարը: Փաստաթղթերի բացակայության պատճառով ապաստանի մերժում ստացած, բայց Գերմանիայում մնացած ներգաղթյալների մեծ մասը այնտեղ է հասել Հնդկաստանից, Աֆղանստանից, Պակիստանից: Մինչև հիմա հնարավոր չի եղել պարզել, թե որտեղից են ներգաղթել 3400 այլ օտարերկրացիները: 
 
Ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ այդ մարդկանց մեջ բազմաթիվ ահաբեկիչներ չկան: Ինչպե՞ս է հնարավոր փաստաթուղթ չունեցող այդքան մարդու վերահսկել: Ու նաև չի կարելի մոռանալ, որ նրանք հիմնականում մի կտոր հացի հետևից են Գերմանիա հասել, ուրեմն նաև աջակցության, կենցաղային, առողջապահական, հազարումի այլ տեսակի հոգսեր ունեն: Ովքեր, ովքեր, բայց հայերս հո լավ գիտենք, թե հարյուր տարի առաջ ինչպես էին մեր մազապուրծ ու անփաստաթուղթ հայերնակիցներն ապաստան որոնում  ամբողջ աշխարհում: