Մոսկվան սպառնում է փոխադարձել

ԱՐՏԱՔՍՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՄՆ-Ն Է

Ռուս դիվանագետներին արտաքսելու չհայտարարված մրցույթում միանձնյա առաջատար է Միացյալ Նահանգները: Այնտեղից ավելի շատ ռուս դիվանագետների են արտաքսում, քան եվրոպական բոլոր երկրներից միասին վերցրած:
 
Նախ՝ ՆԱՏՕ-ն է 1/3-ով կրճատում Դաշինքում Ռուսաստանի առաքելության կազմը: Այնուհետև, քանի որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է, կրճատել է այնտեղ ՌԴ ներկայացուցիչների թիվը: Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից պետք է հեռանա 60 դիվանագետ, որոնցից 12-ը ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչության աշխատակիցներ են: Ըստ էության՝ նրանք բոլորը լրտես են համարվել:
 
Այս գործելակերպը, երևում է, շատ ամերիկացիների է ոգևորել: Օրինակ սառը պատերազմի «վետերանները» շտապել են CNN-ի եթերում գոհունակություն հայտնել նախագահ Թրամփից: 
 
- Կատարվածն այնքան ծանոթ երևույթ է, անգամ մի քիչ հին ժամանակներն է հիշեցնում: Մենք Ռուսաստանի հետ կոշտ ենք վարվում, մենք ամբողջ աշխարհի մեր դաշնակիցների հետ միակամ ենք: ԱՄՆ-ը առաջնորդի դերն է ստանձնել: Սա Թրամփին բոլորովին նման չէ: Այնպես որ՝ ես շատ երջանիկ եմ,- ասել է Մայքլ Հայդենը՝ Ազգային անվտանգության գործակալության, ապա և ԿՀՎ նախկին տնօրենը: 
 
Կատարվածին սպառնալիքով է արձագանքել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:
 
- Քայլերի սպասեք Մոսկվայից: Դիվանագիտությունն այնպիսի բան է, որը ենթադրում է փոխադարձություն,- նշել է նա: 
 
Իսկ Սպիտակ տան խոսնակ Ռաջ Շահը, ի տարբերություն Հայդենի, առավել խաղաղասիրական ելույթ է ունեցել՝ ասելով.
 
- Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ աշխատել: Մենք ունենք ընդհանուր հետաքրքրության ոլորտներ, որտեղ միասին աշխատում ենք: Դրանցից են օրինակ ահաբեկչության դեմ պայքարը, նաև համընդհանուր կայունությունն ու այլ հարցեր, որտեղ մենք միանգամայն կարող ենք համագործակցել: Ռուսաստանի հետ մենք ցանկանում ենք համագործակցել: Սակայն հիմա պետք է քայլ անեն նրանք: Նրանցից է կախված՝ մեր հարաբերություններն արգասավոր և կառուցաղակա՞ն կլինեն, թե՞ հակամարտություն կլինի: 
 
Այս ամենը մեկնաբանելով՝ ՏԱՍՍ գործակալությունը շեշտել է, թե Թրամփի այսօրինակ գործնականությունը երկու ներքին պատճառ ունի: Մեկը նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցության մեղադրանքը չեզոքացնելն է: Մյուսը պատճառը Կոնգրեսի առաջիկա ընտրություններում դեմոկրատների ձեռքից առավելությունը խլելու հրամայականն է, քանի որ եթե յոթ ամիս անց այնտեղ մեծամասնությունը Թրամփի քաղաքական հակառակորդների ձեռքն անցնի, իսկույն կդրվի նրա պաշտոնանկության հարցը:
 
Հիշենք, որ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին Թրամփի դեմոկրատ հակառակորդ Հիլարի Քլինթոնը համարվում էր Ռուսաստանի անզիջում թշնամի, իսկ հանրապետական Թրամփը՝ առավել մեղմ դիրքորոշում ունեցող: Երևում է՝ իր այդ «թերությունը» վերացնելու համար հիմա ստիպված է «Պապից ավելի կաթոլիկ» երևալ: 
 
Ամեն երկիր, իհարկե, ազատ է՝ որոշելու, թե մյուսի հետ իր հարաբերություններն ինչպես կառուցի: Սակայն այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գիտակցված կերպով անկյուն են քշում մի «գազանի», որի տրամադրության տակ արդիական հզոր զինանոց կա՝ ի զորու իսպառ կործանել ամբողջ մոլորակը: