Կոսովոյում դարձյալ ազգամիջյան լարվածություն է

Տարիներ առաջ Սերբիայում մոլեգնող բախումները, թվում է, պետք է ավարտվեին Կոսովոյի ճանաչմամբ: Սերբական հողի վրա ալբանացիների ինքնուրույն վարչական միավոր դառնալը աշխարհի հզորները ճանաչեցին (մի բան, որ համառորեն չեն անում անգամ հազարամյակներ շարունակ հայրենի հողում ապրող հանրությունների նկատմամբ), սակայն բաղձալի խաղաղությունը դեռևս չափազանց երերուն է և ամեն վայրկյան կարող է ավարտվել: Դա են հաստատում նաև երեկ տեղի ունեցած իրադարձությունները:
 
Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը ահազանգ են ստացել և ոտքի ելենելով՝ բարիկադներ են կառուցում: Պատճառն այն է, որ դրանից առաջ Կոսովոյի ոստիկանության հատուկջոկատայինները բռնի ուժով ազատազրկել են Սերբիայի կառավարությանը կից Կոսովոյի և Մետոխիայի գծով դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչին: 
 
Տագնապ է հնչեցվել, և Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը սկսել են հավաքվել Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում: Փողոց դուրս եկած մարդիկ, ինչպես հաղորդել է Pink հեռուստաալիքը, հավաքվում են կենտրոնական փողոցներում և Իբար գետի կամրջի մոտակայքում՝ այդպիսով քաղաքը բաժանելով ալբանաբնակ և սերբաբնակ հատվածների: 
 
Կոսովոյի հեռուստատեսությունների ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես են կոտրված ձեռքերով Ջուրիչին ձեռնակապերով Պրիշտինայի ոստիկանական բաժանմունք տանում՝ զինված մարդկանց հսկողությամբ: Հրապարակվել է նաև մի նկար, որտեղ ալբանական հատուկջոկատայինները կեցվածք են ընդունել, որպեսզի լուսանկարվեն ձերբակալված նախարարի հետ: 
Հաղորդվում է, որ Ջուրիչին բռնել են, երբ նա խաղաղ հանդիպում է ունեցել երկրամասի հյուսիսում ապրող սերբ քաղաքացիների հետ: Մարդիկ փորձել են նրան պաշտպանել, սակայն ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ է կիրառել: 
 
Հիմա դժվար է գուշակել,թե դեպքերն այնուհետև ինչպես կզարգանան այնտեղ: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ հակամարտությունները դադարում են, երբ վերանում է դրանց բուն պատճառը: Իսկ երբ դրանք դրսից «հարդարում են»՝ անտեսելով խորքում մոլեգնող փոթորիկները, միայն հետագա պայթյունի ուժգնությունն են մեծացնում: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հովանավորությունը վայելող ալբաններին ոգևորել է այս տարածաշրջանում նրա հարձակողական պահվածքը, և նրանց մեջ նոր ակնկալիքներ են արթնացել: