«Դիվանագիտական պատերազմի» ճակատը թեժանում է

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալիս, սակայն կառույցի 28 անդամներից 14-ին «վարակել» է իր գործունեությամբ: Մարտի 26-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այդքան երկիր որոշել է ռուս դիվանագետներին արտաքսել՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության:
 
Մինչ այս հայտարարությունը՝ Մեծ Բրիտանիային համերաշխություն էին հայտնել հիմնականում ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, ինչպես ԱՄՆը, Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան: Այժմ էլ լրատվամիջոցներում անընդհատ թարմացվում են այս ցանկին միացած նոր երկրների ցանկը և արտաքսվելիք դիվանագետների թվերը: Խոսվում է ընդհանուր առմամբ 100 ռուս դիվանագետի արտաքսման մասին:  
 
Ուշագրավ է Թուրքիայի արձագանքն այս իրավիճակին: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե Թուրքիան սրա պատճառով Ռուսաստանի դեմ որևէ միջոց չի ձեռնարկի: 
 
- Նախկին գործակալի հետ կապված ճգնաժամը վերաբերում է ՌԴ ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններին: Նրանք այս հարցը պետք է իրար միջև լուծեն: Թուրքիան մտադիր չէ սրա կապակցությամբ Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել: Մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք,-լրագրողներին ասել է նա:
 
Բնական է՝ Մոսկվան ու Անկարան անդավաճան բարեկամներ են և միշտ համերաշխ են, մանավանդ՝ որևէ երրորդ երկրի դեմ արյունոտ դավեր նյութելու գործում: Իսկ այսօր Թուրքիան Ռուսաստանից նաև շատ ակնկալիքներ ունի՝ 
Ս-400 պիտի ստանա, ատոմակայան, աջակցություն՝ իր նվաճողական ծրագրերում… 
 
Տեղի ունեցողի մասին հետաքրքիր տեսակետ է հայտնել Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը: 
 
- Աշխարհում արդեն ոչ թե սառը, այլ սառցային պատերազմ է ընթանում: Արդեն նույնիսկ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին են խոսում: Սերբիայից պահանջում են վերաբերմունք արտահայտել տարբեր հարցերի առնչությամբ՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած իրավիճակից մինչև Չինաստանի հետ առևտրային պատերազմը: Ակնհայտ է, որ համաշխարհային ուժերի հարաբերությունների սրումն ու դիվանագետների հետկանչումը կշարունակվի,- TV Prva-ի եթերում համոզմունք հայտնել Սերբիայի արտգործնախարարը: 
 
ՌԴ արտգործնախարարությունը մարտի 26-ին արդեն իսկ դիվանագետների արտաքսման վերաբերյալ իր բողոքն է հայտնել: Նշելով, թե մեղադրանքը ոչ մի համոզիչ ապացույցով հիմնավորված չէ՝ հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է. 
 
- Ինքնին հասկանալի է, որ երկրների այս խմբի ցուցաբերած ոչ բարեկամական քայլը անհետևանք չի անցնի, և մենք դրան կարձագանքենք:
 
Այսպիսով՝ մինչ Թուրքիան արդեն լկտիաբար հայտարարում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մտադրության մասին և մարդասպանների ու թալանչիների հորդա իր զորքերով անարգել ներխուժում է հարևան երկրների տարածքները, ամբողջ աշխարհն ուշադրությունը սևեռել է ՌԴ-ի դեմ ընթացող այս դիվանագիտական պատերազմին: Թուրքիան կարող է սրտի ուզածն անել, չէ՞ որ Արևմուտքի բարեկամն է, կամ՝ Արևմուտքը չի ցանկանում թշնամացնել օսմանցիների հետնորդներին: