Մի՞թե եկել է պատասխան տալու ժամանակը

Ինչպես հայտնի է՝ Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ մեղադրանք է հարուցվել՝ չնայած նա 25-26 ժամ շարունակվող հարցաքննության ընթացքում ժխտել է, թե 2007թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի համար Լիբիայից անօրինական ճանապարհով 50 մլն եվրո է ստացել:
 
Դեռևս 2012թ. գարնանը ֆրանսիական Mediapart պարբերականի հրապարակած փաստաթղթերում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից Սարկոզիի նախագահական ընտրությունների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին: Իսկ առաջին անգամ այդ մասին 2011թ. մարտին խոսել էր մասնավորապես Մուամար Քադաֆիի որդին, ով «Եվրանյուզ» հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահից պահանջել է ընդունել Լիբիայի կառավարությունից ստացած ֆինանսական աջակցության փաստը:
Այդ գործով դատական լսումները շարունակվում են մինչև օրս: Այժմ, երբ արդեն հարցաքննվել է նաև Սարկոզին ինքը, և նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվել, փոխանցված գումարների մասին Africanews հեռուստաալիքի եթերում վերստին հրապարակավ արտահայտվել է Լիբիայի այն ժամանակվա նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ այ-Իսլամ Քադաֆին: 
 
- Ես կարող եմ հաստատել, որ այժմ էլ Սարկոզիի վերաբերյալ ծանրակշիռ ապացույցներ ունեմ: Ես սեփական աչքերով եմ տեսել այդ գումարի առաջին մասի փոխանցումը Սարկոզիի մարդուն՝ Կլոդ Գեանուին, Տրիպոլիում,- ասել է Քադաֆիի որդին, ով, ի դեպ, այժմ առաջադրվել է որպես Լիբիայի նախագահի թեկնածու:   
 
«Ֆիգարոյի» հաղորդմամբ՝ Սարկոզին հայտարարել է, թե իր դեմ հարուցված մեղադրանքը հիմնազուրկ է և կառուցված է սոսկ նախկին նախագահ Մուամար Քադաֆիի և նրա մերձավոր շրջապատի մերկապարանոց հայտարարությունների վրա: Ֆրանսիայի էքս նախագահը հայտարարել է, թե պատրաստ է պայքարել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի «ավազակախմբի» դեմ՝ քանի տարի էլ դրա համար պահանջվի:
 
- Ես կատակ չեմ անի, ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում: Դա կպահանջի մեկ տարի, երկու, տասը, բայց ես այդ ավազակախմբի վերջը կտամ,- TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սարկոզին: 
 
Նրան, ճիշտ է, թույլ են տվել տուն գնալ, սակայն ազատությունը խիստ սահմանափակել են: Իսկ այն հանգամանքը, որ նրա նկատմամբ մեղադրանք են հարուցել, ապացուցում է, որ գործի քննությամբ զբաղվողները շատ ավելի ծանրակշիռ ապացույցներ ունեն, քան իր պնդումներն են անմեղության մասին:  
 
Աշխարհը լավ է հիշում, թե ինչպես Արևմուտքից ուղղորդված «արաբական գարունները» Լիբիայում իսկական քաոս ստեղծեցին և ի վերջո դարձան դրա նախագահ Քադաֆիի դաժան մահված պատճառը: Այդ գործում Ֆրանսիան ու դրա այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին փոքր դեր չխաղացին, և հիմա  շատերն ասում են, թե այդ Մուամար Քադաֆին է գերեզմանից վրեժ լուծում, իսկ այդ վրեժի «գործիքը» նրա որդին է:  
 
Սարկոզիի դեմ հարուցված գործի իսկական էությունը խտացված է Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենի խոսքերում: Հիշեցնենք, որ 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ Էմանուել Մակրոնի գլխավոր հակառակորդը հենց նա էր:
 
- Այս ամենը շատ կարևոր է: Որովհետև խոսքը սոսկ նախագահական ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման մասին չէ: Դա վերաբերում է պատերազմի սկզբին: Դա վերաբերում է պետության ղեկավարի վերացմանը: Դա վերաբերւմ է երկրի ապակայունացմանը, որը վերջիվերջո հանգեցրեց  զանգվածային ներգաղթի դեպի Եվրոպա,- հայտարարել է նախագահի նախկին թեկնածուն:
 
Երևի հենց այստեղ է Սարկոզիի դեմ բացված գործի էությունը: Թերևս եկել է ժամանակը, որ ոմանք պատասխան տան այսօր աշխարհում և հատկապես Միջին Արևելքում տեղի ունեցող ծանր գործընթացների, պատերազմների ու փախստականների հեղեղի համար: Իսկ Սարկոզին դրա «առաջին ծիծեռնակն» է: