Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում
Պատերազմներն սկսվում ու ավարտվում են, իսկ դրանց հետևանքները տասնամյակներ ու դարեր շարունակ խաթարում են պետությունների, ազգերի, անհատների բնականոն կյանքը, իրավունքները, հարաբերությունները: Դեռևս միանգամայն թարմ են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի դառը հետևանքները, և դրա պտուղները քաղում են թե՛ այն սանձազերծողները, թե՛ դրանից տուժածները: Եվ ահա Գերմանիային փոխհատուցման պահանջներ է ներկայացնում Լեհաստանը:
Երկրի խորհրդարանում գերմանա-լեհական հարաբերությունների և 2018թ. արտաքին քաղաքական նպատակների մասին մասին ելույթ ունենալով մարտի 21-ին` Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, թե այս տարի կառավարությունը տարբերակներ է դիտարկելու, թե ինչպես փախհատուցում ստանա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի ավերումների համար:
- Մենք խոսելու ենք այն մասին, որ անհրաժեշտ է լեհերին փոխհատուցել այն կորուստների համար, որոնք հասցվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Մենք փնտրելու ենք փոխհատուցում ստանալու իրավական, քաղաքական, ֆինանսական միջոցներ,- շեշտել է Չապուտովիչը:
Ուշագրավ է, որ եթե 2017թ. սեպտեմբերին Լեհաստանը Գերմանիային 1 միլիարդ դոլարի պահանջ էր ներկայացնում, այժմ այդ գումարը հասցրել է 1 տրիլիոնի: Վարշավան իր այս պահանջն առաջ է քաշում ի պատասխան Գերմանիայի այն պահանջի, թե Լեհաստանը պարտավոր է եվրոպական մյուս պետություններին հավասար կրելու փախստականների համար պատասխանատվության բեռը, ինչից Լեհաստանը հրաժարվում է:
Դեռևս 1953թ. Լեհաստանի կոմունիստական կառավարությունը լիովին հաժարվել էր Գերմանիայի նկատմամբ փոխհատուցման որևէ պահանջից: Սակայն ներկա կառավարությունը հայտարարում է, թե հարկավոր է Գերմանիայի հետ «լուրջ բանակցություններ վարել»` հաղթահարելու 1939թ. գերմանական զավթողականության ու հետպատերազմյան չլուծված խնդիրների հետևանքով գերմանա-լեհական մթագնած հարաբերությունները:
Այժմ աշխարհն ըստ էության կանգնած է երրորդ աշխարհամարտի շեմին (եթե չասենք, որ Սիրայում այն արդեն ընթանում է), սակայն դեռևս չեն սպիանում անգամ Առաջին աշխարհամարտի վերքերը: Հայերս դրա վառ օրինակն ենք: Մարդկության «ընտրանին» սովորություն է դարձրել մի պատերազմով չլուծված խնդիրները «ժառանգել» հաջորդ պատերազմին` անտեսելով դրանց ահավոր հետևանքներն ու տառապագին ընթացքը:
Թե ինչ կտա Լեհաստանին իր պահանջը`դեռ կերևա, սակայն սա թերևս շատերի մեջ ցանկություն կառաջացնի վերանայելու իրենց կորուստների չափն ու հստակ ձևակերպելու պահանջները: