Հոգնածությունը` երկրի ղեկը զիջելու հիմնավոր պատճառ
Մյանմայի նախագահը 71 տարեկանում պաշտոնաթող է եղել` հայտարարելով, թե իր պարտականություններից «չափազանց հոգնել է»: Թհին Չժոյի ֆեյսբուքյան գրառումը հանրության ուշադրությանն է ներկայացրել «Ռոյթերս» գործակալությունը` նշելով, թե պետության ղեկավարը ցանկություն է հայտնել հանգստանալ:
Մյանման` Հարավարևելյան Ասիայում Չինաստանին, Հնդկաստանին և մի քանի այլ երկրների սահմանակից այս պետությունը, վերջին ժամանակներս համաշխարհային մամուլի էջերում քննարկվում էր ռոհինջա մահմեդականների դեմ հալածանքների առնչությամբ: Հնարավոր է` նախագահի «հոգնածության» պատճառներից մեկն էլ դա է: Համենայնդեպս երկու տարի ղեկավարելուց հետո նա որոշել է տեղը զիջել առավել երիտասարդ և կորովի հաջորդին:
Թհին Չժոն Մյանմայի նախագահ է դարձել 2016թ.: Վերջին 50 տարում նա միակ նախագահն է, որ այդ երկրի ներքին ուժերի ներկայացուցիչ չի եղել: Չժոյի հրաժարականից առաջ լուրեր էին տարածվել, թե հնարավոր է` հիվանդության պատճառով նա պաշտոնաթող լինի, սակայն երկրի իշխանությունները դա հերքել էին: Այժմ Մյանմայի նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ և ռազմական ակադեմիայի շրջանավարտ Մյին Շվեն: Երևում է` Մյանմայում վերջնականապես համոզվել են, որ նախագահն անպայման պետք է ուժայինների ներկայացուցիչ լինի:
Չի բացառվում, որ Թհին Չժոյին ստիպել են պաշտոնաթող լինել, բայց նաև շատ հավանական է` մարդը հասկացել է, որ 71 տարեկանում երկիր ղեկավարելը կարող է կործանարար լինել հենց երկրի համար: Այսօրվա աշխարհում սա բնավ էլ խոր ծերություն չէ և առողջ լինելու դեպքում առավելություն է դառնում կուտակած փորձի ու գիտելիքների շնորհիվ: Սակայն ոմանք ձեռքներն ընկած իշխանությունը ոչ մի գնով զիջել չեն ուզում` անգամ զառամախտի խիստ արտահայտված նշանների պարագայում: Ամեն մարդ չէ, որ խիզախություն կունենա խոստովանել, թե հիվանդ է կամ հոգնած: Մյանմայի նախագահը, երևում է, այնքան պատասխանատվություն ունի, որ իր հոգնածությունը պետության վզին փաթաթել չի ուզում: