Մետաղների մաքսատուրքերն ու «Բրէքսիթը»՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգ
Մարտի 22-23-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը քննարկելու է այսօր աշխարհին հուզող երկու հարց: Նախ քննարկվելու են Միացյալ Նահանգների ծրագրերը մետաղների ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու մասին խնդիրը, ապա որոշում է կայացվելու ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ:
Այս մասին ԵՄ անդամ 28 երկրներին ուղղված նամակ-հրավերների մեջ նշել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
- Սկզբում կքննարկենք առևտուրը: Մենք կաջակցենք Եվրահանձնաժողովին, որն այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում այն մասին, թե ինչպես ԵՄ-ն զերծ պահել պողպատի և ալյումինումի վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից: Մենք, սակայն, պետք է պատրաստ լինենք դեպքերի ցանկացած զարգացման,- հայտարարել է Տուսկը:
ԵԽ նախագահը նկատի ունի այն միջոցառումները, որոնք Բրյուսելը կարող է ձեռնարկել` ԵՄ շուկան պողպատի և ալյումինումի պակասուրդից պաշտպանելու համար (այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված հայց և ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային սահմանափակումներ):
Որ ԵՄ-ն կարող է ԱՄՆ-ի գործողություններին հակազդել նշված միջոցներով` պարզ է, սակայն դա ինչպե՞ս կանդրադառնա «առևտրային» պատերազմ որակված ամերիկյան մաքսատուրքերի մնացած «ճակատների» վրա: Չէ՞ որ դրանք ամբողջ աշխարհում են իրավիճակ փոխում: Բայց ինչպես ասում են՝ ամեն մեկն իր գլխի ճարը յուրովի է տեսնում:
ԵՄ-ի գործերը, ըստ էության, հարթ չեն ընթանում նաև Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլին անցնելու գործում: Առաջին փուլը վերաբերում էր Միացյալ Թագավորության ելքի պայմանների քննարկմանը և դեռևս չի ավարտվել, թեև երկրորդ փուլի սկիզբ էր նախանշվել 2018թ. տարեսկիզբը: Բանակցությունների 2-րդ փուլով պետք է որոշվի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների հարցը:
Տուսկը նշել է, որ մարտի 19-ին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի «բանագնացները» կարողացել են համաձայնության գալ Brexit-ի լոկ մի քանի հարցերում, իսկ առաջիկա գագաթնաժողովը դրանք կհաստատի՞, թե՞ ոչ՝ դեռևս հարց է: Այնպես որ՝ ԵՄ-Մեծ Բրիտանիա «ապահարզանի» վերջը չի երևում, որքան էլ այդ գործում դեռևս անփորձ Բրյուսելն ու Լոնդոնը ճշգրիտ ժամկետներ են նշում: