Միջուկային հրթիռները կարող են նաև փրկարար լինել

Մարդիկ միշտ են մտածել, թե աշխարհը մի օր կկործանվի որևէ տիեզերական աղետից, սակայն հաշտվել են այն փաստի հետ, թե մարդն այդտեղ անզոր է:

Մեր ժամանակներում կարողանում են ոչ միայն դիտել տիեզերական մարմինների ընթացքն ու հաշվարկել դրանց շարժման հնարավոր ուղեգիծը, այլև փորձում են ոչնչացնել դրանք` Երկրին բախվելու վտանգ նկատելիս: Իսկ աստղագետները հաշվել են, որ առաջիկա 100 տարում Երկրին կմոտենա ավելի քան 800 վտանգավոր աստղակերպ:

Ռուսական լրատվամիջոցները պնդում են, թե աստղակերպներին ոչնչացնելու միակ հնարավոր համակարգը մշակել են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են տիեզերական մարմնի նմուշ և լազերի օգնությամբ ոչնչացրել են այն:

Ռուս  գիտնականները դրա շնորհիվ դուրս են բերել ճշգրիտ բանաձևը, թե տիեզերքում այս կամ այն աստղակերպը ոչնչացնելու համար ինչ ուժի հարված է հարկավոր:  Նաև պարզել են, որ շատ ավելի արդյունավետ կգործեն, եթե հարվածը հասցնեն երկնային մարմնի խորքին: Այսպես, 200-մետրանոց աստղակերպը ոչնչացնելու համար հարկավոր կլինի 3 մեգատոննա տրոտիլի հզորությամբ միջուկային հրթիռ: Պայթյունից աստղակերպը կվերածվի մանր և արդեն անվտանգ բեկորների:

Իսկ գիտափորձերի համար մոսկվացի գիտնականներն օգտագործել են հինգ տարի առաջ Չեյլաբինսկում ընկած երկնաքարի բեկորները: Նշվում է, որ այն ընդամենը 20-մետրանոց է եղել, սակայն դարձյալ մեծ ավերածություններ է գործել, մինչդեռ Երկրին կարող են մոտենալ մինչև 900 մետրի հասնող աստղակերպեր, որոնք ի զորու են կյանքը ոչնչացնել: 

Հիմա արդեն կարելի է մտածել, որ Երկրի վրա կուտակված ահռելի միջուկային լիցքերը կիրառելի են նաև մարդկության բարօրության, այլ ոչ թե միայն նրան ոչնչացնելու համար: Ու եթե գուշակված 800 աստղակերպից թեկուզ մեկը փորձի բախվել մեր մոլորակին` բոլոր միջուկային պետությունները համակարգված կհամագործակցեն և կկանխեն չարիքը: