Բանկոմատների մոտով զգույշ անցիր

Դրամ տվող-ընդունող սարքերն այնքան առօրեական են դարձել, որ դրանց գոյությունն արդեն հաճախ չենք էլ նկատում: Մինչդեռ դրանք երբեմն կարող են պատահական անցորդներին անակնկալներ մատուցել:

Չինաստանի Նինբո քաղաքում նման մի անականկալ՝ 500 դոլարի տեսքով, բանկոմատից թափվել է երկու պատահական անցորդի վրա: Անսարք բանկոմատը թղթադրամները հանկարծակի դուրս է նետել, իսկ մոտակայքում գտնվող պատահական անցորդները սկսել են արագ-արագ հավաքել:

Նրանց հաջողությունը, սակայն, երկար չի տևել. ոստիկանները շուտով երկուսին էլ հայտնաբերել են և հարկադրել են վերադարձնել ամբողջ «ավարը»: Ահա այսպես՝ մեր հայրենակից Լյութեր Ջորջ Սիմջյանի  գյուտը չինացիներին նախ երջանկացրել է, ապա հիասթափեցրել:

Իսկ ընդհանրապես՝ բանկոմատներն այսօր մարդկության կեսի կյանքը շատ բարեհարմար են դարձրել, թեև երբ ԱՄՆ-ում հաստատված Սիմջյանը 1939թ. կանխիկ դրամ տրամադրող իր ավտոմատ սարքը ներկայացրել է բանկերին` նրանք թերահավատորեն մերժել են: Այնուհետև նա անընդհատ կատարելագործել է իր գյուտը, սակայն անգամ 1960թ. դեռևս չի կարողացել նրա համար երկարաժամկետ պայմանագիր ստանալ, քանի որ ավտոմատն ուղղակի պահանջարկ չի ունեցել: Մարդիկ գերադասել են իրենց հասանելիք դրամն առձեռն ստանալ: Չէ՞ որ վիրտուալ աշխարհը նրանց դեռևս հասանելի չէ եղել:

Իսկ Սիմջյանն իր գյուտի հաղթարշավն այնուամենայնիվ տեսել է, քանի որ վախճանվել է 1997թ.՝ 92 տարեկանում: Եվ սա բնավ էլ նրա միակ գյուտը չէ: Նա 200 այլ գյուտեր էլ է արտոնագրել, անգամ՝ ռազմական նշանակության, որոնք օգտագործվել են ԱՄՆ բանակում:

Բանկոմատից դրամ հանելիս` հիմա ոչ ոք դրա գյուտարարի մասին չի հիշում: Սակայն ամեն մի առաջընթաց (եթե բանկոմատն ու մնացած նորարարական սարքերն առաջընթաց համարենք) անպայման հեղինակ ունի: Այս մեկի հեղինակը  Եղեռնից փրկված և 1920թ. Միացյալ Նահանգներում հաստատված մեր հայրենակիցն է, ով ապացուցել է, որ բռնությունն ու ատելությունը անկարող են հայի մեջ սպանել մտածող, ստեղծագործող, արարող  մարդուն: