Ուկրաինա՞ն է զորացնելու ՆԱՏՕ-ն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կիրակի հարցազրույց է տվել գերմանական  Funke լրատվական ընկերությանը, որտեղ շոշափել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցերը:

Պորոշենկոյի խոսքերից դատելով՝ Ուկրաինան շտապում է այդ երկու իրադարձություներն էլ հնարավորինս արագ իրականություն դարձնել, իսկ նշված կառույցները դրանից միայն կշահեն:

Ուկրաինան, ըստ Պորոշենկոյի, ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցել առաջիկա 10 տարվա ընթացքում:

- Մեր նպատակն է դաշինքի անդամ դառնալ առաջիկա 10 տարվա ընթացքում: Այժմ մեզ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցելու գործողությունների ծրագիր է հարկավոր: Մենք ցանկանում ենք դա ստանալ մինչև 2019թ. ավարտը,- ասել է Ուկրաինայի նախագահը:

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտության օգտին մի շատ «զորեղ» փաստարկ է բերել Պորոշենկոն: Նրա ասելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Ուրկրիանայի հետ շատ ավելի ուժեղ կլինի, քան հիմա է:

Չնայած, որ 2016թ. Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, թե առաջիկա 20-25 տարում Ուկրաինան ԵՄ անդամ դառնալ չի կարող, Պորոշենկոն հարցազրույցում նշել է, թե դա ոչ թե տասնամյակների, այլ ընդամենը տարիների հարց է:

Հատկանշական է, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանում նախագահական ընտրությունների օրը, ինչը կարել է դիտարկել որպես այդ երկրի «բոստանը» նետված ևս մեկ քար: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Պորոշենկոյի խոսքերին «Թուիթերի» իր էջում արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Այեքսեյ Պուշկովը:

- Պորոշենկոն ճիշտ Աթիլլայի նման սպառնում է մի քանի տարի անց Եվրոպա ներխուժել: Եթե ԵՄ-ն Ուկրաինային իրոք ընդունի, ապա դա իր վերջը կլինի: Վայրկենապես:- Պատգամավորի խոսքերն է փոխանցել ռուսական «Վեստին»:  

Թե ում է ձեռնտու ոչ վաղ անցյալում նույն ազգը համարվող ուկրաինացիների ու ռուսների գժտությունը` թերևս մեծ գաղտնիք չէ: Իսկ դրանից կարծես ամենաշատը շահում է ՆԱՏՕ-ն, որի ձգտումն է եղել Եվրոպայում որքան հնարավոր է դեպի արևելք ընդարձակվել: Այժմ հասել է մի պահ, երբ ոչ թե ՆԱՏՕ-ն է ամեն գնով նետվում դեպի արևելք, այլ արևելքն է գլխապատառ ձգտում ՆԱՏՕ-ական դառնալ: Բայց քանի որ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում` այդ ճանապարհին սահմանափակումներ է դնում, որպեսզի երբ իրական «պտուղը» ճաշակեն, դառնություն չզգան: Գոնե սկզբում: