Բաքուն չի փոխում ձեռագիրը

Բաքվում հավերժական իշխանության ձգտող Իլհամ Ալիևի դեմ, չնայած հալածանքներին, ընդդիմությունը ցույցեր անում է:

«Ազգային ճակատ» կուսակցությունը, օրինակ, ցուցարարներ է հավաքել` Ալիևների «դինաստիայի» երկրորդ ներկայացուցչի կողմից  իշխանությունը զավթելու դեմ բողոքի ձայն բարձրացնելու համար: Պատճառն այն իրողությունն է, որ վերջինս կեղծիքների, օրենքներն ու սահմանադրությունն իրեն համապատասխանեցնելու միջոցով ցանկանում է իր կառավարումը երկարաձգել ևս 7 տարով։

Կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին Իլհամ Ալիևին մեղադրել է, թե 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չի լուծել։

Քերիմլին իր ելույթն ավարտել է մի հատկանշական շեշտադրումով՝ կոչ է արել հաշվի առնել մյուս բռնապետների ու հատկապես Մուամար Քադաֆիի տխուր փորձը, որոնք իրենց ժողովուրդներից գռփած փողերն այդպես էլ չեն կարողացել վայելել: Միայն թե Արցախը վերստին բռնակցել երազող Ադրբեջանի ընդդիմությունը երևի հաշվի չի առնում, որ Արևմուտքը խիստ շահագրգռված էր Քադաֆիին ու մի քանի  ուրիշների «գահընկեց» անելու գործում ու նրանց ընդդիմադիրներին ամեն կերպ թև էր տալիս, իսկ Ադրբեջանին, երևում է, միանգամայն այլ դեր է վերապահում:

Ադրբեջանական բռնապետությունը չի կարողացել հաշտվել անգամ մի քանի հազար մարդու բողոքի փաստի հետ, և ցույցի անցկացման վայրում արգելափակել են համացանցը, որպեսզի նրանք չկարողանան սոցիալական ցանցերում բողոքի ուղիղ հեռարձակում իրականացնել: Սրանից բացի՝ Քերիմլին հայտնել է նաև բողոքի ցույցը կանխելու նպատակով իր կուսակցությունից 8 մարդու ձերբակալության, ինչպես նաև «Մուսաֆաթի» անդամների նկատմամբ ճնշումների և հալածանքների մասին (հաղորդել է ադրբեջանական contact լրատվամիջոցը):

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ձեռագրից չեն հրաժարվում: Նրանք Կիևից պահանջում են իրենց արտահանձնել Նիդերլանդների քաղաքացի լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին, որն  այդ քաղաքում տուն է վարձակալել և համարձակվել քննադատել իր ծննդավայր Ադրբեջանի վարչակարգին: Գործին խառնվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), որը Ուկրաինայի իշխանություններին հորդորել է լրագրողին թույլ տալ՝ իրենց երկրից ազատորեն հեռանա: Ակնհայտվում է, որ «Ինտերպոլը» կարծես հենց Ադրբեջանի համար է ստեղծված, քանի որ այս լրագրողի նկատմամբ ևս հետախուզում է հայտարարել, որի հիման վրա Ուկրաինայի իշխանությունները նրան երկու շաբաթով ձերբակալել են, հետո սահմանափակել երկրից դուրս գալու իրավունքը:

Միջազգային կառույցներն այնքան վստահ են, որ Ալիևի իշխանությունն անսասան է, որ անգամ հրաժարվել են ապրիլին նախատեսվող արտահերթ նախագահական ընտրություններին դիտորդներ ուղարկել կամ որևէ կերպ մեկնաբանել այդ գործընթացը: Ալիևին միակ «մեկնաբանողը» նրանց սիրելի նախկին դեսպան Մեթյու Բրայզան է եղել, որ թրքասիրությունից թուլացող սրտով հայտարարել է, թե պատերազմի սպառնալիքը դիվանագիտության մեջ ընդունված գործելակերպ է:

Ուրեմն մեզ մնում է բազմապատկված աչալրջությամբ հետևել բրայզաներից թև առած պատերազմասեր Ալիևի կողմից իշխանության վերազավթմանն ու պատրաստ լինենք դեպքերի հետագա զարգացմանը: Եվ իհարկե՝ «մահակը» միշտ ձեռքներիս: