Աշխարհին սպառնացող «առևտրային պատերազմը» հետաձգվում է

Երևում է՝ աշխարհին «առևտրային պատերազմ» հայտարարելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր երկրների և միջազգային կառույցների դիմադրողականությունն էր փորձարկում: Երբ նա ազդարարեց, թե  Միացյալ Նահանգները պողպատի ներմուծման վրա 25% մաքսատուրք է սահմանում, իսկ ալյումինումի վրա՝ 10%, համաշխարհային շուկայում իսկական իրարանցում առաջացավ և որակվեց որպես առևտրային պատերազմի նախադուռ:
 
Իսկույն հնչեցին նախազգուշացնող հայտարարություններ, որոնցից մեկը, երևում է, ԱՄՆ իշխանությունների վրա ամենաշատն է ներգործել: Մարտի 7-ին առևտրի գծով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմսթրեմը հայտարարել է, թե հնարավոր է՝ առաջիկա երկու ամսում Եվրամիությունն էլ իր սահմնափակումները մտցնի ամերիկյան ապրանքների նկատմամբ: 
 
Աշխարհի բուռն արձագանքին Դոնալդ Թրամփի վարչակարգից պատասխանել է պետքարտուղարի՝ տնտեսության և ձեռներեցության գծով օգնական Մանիշա Սինգհը: Նա ասել է, թե Թրամփի հայտարարությունը չպետք է  չափազանցված արձագանք ստանա, քանի որ բոլոր դեպքերում դեռևս հանգամանալի բանակցություններ են նախատեսվում: 
 
- Հնարավոր է՝ հայտարարություն կարվի այս շաբաթվա վերջին, չի բացառվում՝ արդեն այսօր: Եվ անգամ դրանից հետո լավագույնը, որ կարող ենք անել, չափազանցված արձագանքից զերծ մնալն է և բանակցություններ վարելը,-Բրյուսելի համաժողովում մարտի 8-ին ասել է Սիգհը: 
 
ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնյան ԵՄ մայրաքաղաքում հատկապես ընդգծել է, որ մաքսատուրքերի սահմանումն ինքնին չի նշանակում «առևտրային պատերազմի ազդանշան»: Սա կարծես նշանակում է, որ ԱՄՆ-ը Եվրոպայի դեմ հակամարտություն սկսելու մեծ ցանկություն չունի և պատրաստ է բանակցել: Սակայն մինչև այս պահը այդ երկրի 45-րդ նախագահի պահվածքն այնքան իրասածի է եղել, որ դժվար է հավատալ, թե մեծ զիջումներ կանի: Ամեն դեպքում երևի կփորձի վերջին խոսքը ինքն ասել: Թեև զգացվում է, որ առուծախի հարցերում Եվրոպան առավել հաստատակամ է և կարող է նաև հակահարված տալ: